«Չեմ կարծում, թե Իրանը փակելու է մեզ հետ սահմանը. դրա համար որևէ հիմք չկա». Գառնիկ Ասատրյան

«Հայաստանում ծավալվող իրադարձություններն արտաքին վեկտոր չունեն, դրանք ներքին զարգացումներ են, հետևաբար՝ որևէ կերպ չեն ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։

Իրանական կողմը, ըստ իրանագետի՝ պարզապես հետևում է ներհայաստանյան իրադարձություններին։

Այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որտեղ անհանգստություն էր հայտնում  այն իրավիճակի վերաբերյալ, որ երկիր մտնող բեռնատար, հատկապես՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված։

«Արձանագրվում են նաև դեպքեր, երբ որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից՝ այդպես էլ չմտնելով Հայաստանի Հանրապետության տարածք: Մաքսային ծառայությունը հորդորում է ակցիայի բոլոր մասնակիցներին հաշվի առնել մտահոգիչ փաստերը և բոլորիս պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ չխոչընդոտել ՀՀ սահմանին բեռնատարների ելումուտն ու մաքսային սպասարկումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Գառնիկ Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս միջադեպերը կարող են պատճառ հանդիսանալ, որ Իրանը փակի Հայաստանի հետ միջպետական սահմանը։ Ի պատասխան՝ իրանագետն ասաց, որ չի կարծում, թե նման բան լինի.

«Ես չեմ կարծում, թե Իրանը փակելու է մեզ հետ սահմանը, որովհետև դրա համար որևէ հիմք չկա։ Եթե ճանապարհները փակ են, ապա իմաստ չունի թույլ տալ սննդամթերք տեղափոխող բեռնատարների մուտքը Հայաստան, որ նրանք գան և կանգնեն Հայաստանում։ Դա չպետք է դիտել՝ որպես սահմանի փակում»։

Տեսանյութեր

Լրահոս