
Ստամբուլում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի գործով կասկածյալը բերման է ենթարկվել

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու վրա ռասիստական հարձակում իրականացրած անձը մայիսի 2-ին բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը:
Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին լքված շինությունում, որտեղ նա թաքնվելիս է եղել: Հաղորդվում է, թե նա հոգեկան խնդիրներ ունի և նախքան եկեղեցու վրա հարձակումը երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել:
Մայիսի 1-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, թե հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի մասին իմանալուց հետո ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, եկեղեցու հիմնադրամի ղեկավար Արամ Բյուքյուջյանին ու Քադըքյոյ թաղամասի ղեկավար Մուստաֆա Օզարսլանին: Սոյլուն հայտնել էր, որ իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը պատասխանատուներին հայտնաբերելու ուղղությամբ: