Բաժիններ՝

ԱՄՆ-ի զորքերը կմնան Հարավային Կորեայում նաև ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագրի ստորագրումից հետո

Հարավային Կորեայում տեղաբաշխված ամերիկյան զորքերը հանրապետության տարածքում կմնան նույնիսկ Փհենյանի եւ Սեուլի միջեւ հաշտության պայմանագրի ստորագրումից հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 2-ին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժի Ինի օգնականը:

«Կառավարության դիրքորոշումն այն է, որ Կորեայում ԱՄՆ-ի ուժերը միջնորդի դեր են խաղում երկրի հարեւան այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը եւ Ճապոնիան»,- նար խոսքը մեջբերել է Yonhap գործակալությունը: Կորեայի Հանրապետությունում տեղավորված են ԱՄՆ-ի 28,5 հազար զինծառայողներ: Այնտեղ ամերիկյան զոքերի ներկայությունը 1950-1953 թվականների կորեական պատերազմի ժառանգությունն է , որն ավարտվել է ժամանակավոր զինադադարի ստորագրմամբ:

Ապրիլի 27-ին Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կողմերը հայտարարել են, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները: Նրանք հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է: Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի զինվորականները նաեւ պայմանավորվել են մշտական կապ պահպանել, այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Հռչակագրի համաձայն, երկրները պայմանավորվել են լուծել նաեւ հումանիտար խնդիրները, ներառյալ կորեական ընտանիքների վերամիավորման հիմնախնդիրը: Ի թիվս այլ միջոցառումների, Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն պայմանավորվել են աշխատանք սկսել երկու երկրների երկաթուղիների միավորման համար: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն իր հերթին հայտարարել է, թե երկրները պայմանավորվել են, որ իրենց միջեւ այլեւս պատերազմի չի լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս