
Վատիկանի գանձապահին կդատեն ոտնձգությունների համար

Վատիկանի գանձապահ կարդինալ Ջորջ Պելը Մելբուռնի դատարանում կմեղադրվի սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, 76-ամյա Պելի դեմ համեմատաբար լուրջ մեղադրանքների մի մասը մերժվել է:
Այնուամենայնիվ, շատերը, ովքեր իրենց զոհ են համարում, չեն հրաժարվել իրենց ցուցմունքներից: Հավանաբար, դատարանը երեքշաբթի նոր մեղադրանքներ կառաջադրի: Պելը հերքում է իր մեղքը:
Կարդինալը մելբուռնյան դատարանի շենք է եկել երեքշաբթի օրը և նրան ուղեկցել է իր գլխավոր փաստաբան Ռոբերտ Ռիխտերը: Մուտքի մոտ հավաքվել են լրագրողներ և ցուցարարներ:
Առաջին մեղադրանքները Պելին առաջադրվել են 2017 թվականի հունիս ամսին: Նա ստիպված է եղել Հռոմի Պապից թույլտվություն խնդրել, որպեսզի ներկա լինի լսումներին հայրենի երկրում:
Ջորջ Պելը կաթոլիկ հոգևորականների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է, ով հանդես կգա աշխարհիկ դատարանում: