ՄԻՊ-ը շահումով խաղերի գովազդի իրավական կարգավորման նախագիծ է մշակել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի ժամանակ արգելել որևէ կերպ անչափահասներին դիմելը, մարդկանց կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործելը: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ-ի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ:
ՄԻՊ-ն առաջարկում է արգելել գովազդում այնպիսի տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորություն կամ աշխատանքի այլընտրանք է, ինչպես նաև տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է և ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային կամ անձնական հաջողության, ինչպես նաև քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը:
««Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանց գործադրման պրակտիկայի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը։ Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների իրավունքների խախտման պատճառ»,- ասված է հաղորդման մեջ:
Առաջարկվել է նաև, որպեսզի վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։