«Թուրքիան երբեք չի լինի ԵՄ անդամ. դա պարզապես չի լինի, և մենք պետք է դադարենք ձեւացնել, որ դա կարող է լինել»

Թուրքիայի գործողությունները Սիրիայում իսկական սկանդալ է որակում Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա անդրադարձավ ԵՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնցով նրանք, մասնավորապես, Եվրամիությունից պահանջում են դադարեցնել անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:

«Թուրքիան իր գործողություններն արդարացնում է ահաբեկիչների, անվտանգության սպառնալիքներով, սակայն որեւէ նման սպառնալիք չկա ո՛չ Աֆրինում, ո՛չ էլ այն տարածքներում, որոնք նրանք թիրախավորում են:

Կարծում եմ՝ Թուրքիային պետք է պարզ բացատրել, կամ ինչպես ես եմ հասկանում, արդեն իսկ պարզ բացատրվել է, որ մենք լավ չենք վերաբերվում այս ամենին:

Թուրքիան մեծ հարեւան է, եւ ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ մեծ հարեւանների հետ (իմիջիայլոց, Ռուսաստանը մեկ այլ մեծ հարեւան է) պետք է ինչ-որ կերպ համակերպվենք մեր համակեցությանը: Միմյանց հետ չշփվելը տարբերակ չէ ոչ մի առումով, միեւնույն ժամանակ, ձեւացնել, թե անում ես մի բան, որը երբեք չի լինելու, նույնպես տարբերակ չէ:

Թուրքիան երբեք չի լինի Եվրամիության անդամ. դա պարզապես չի լինի, եւ մենք պետք է դադարենք ձեւացնել, որ դա կարող է լինել»,-ընդգծեց ԵԽ պատգամավորը եւ հավելեց, որ տեսականորեն կարելի է պատկերացնել Թուրքիային Եվրամիության անդամ, պատգամավորն անձամբ խնդիր չի տեսնում այդ հարցում, սակայն նրա համոզմամբ՝ դա չի կարող լինել Թուրքիայի ներկայիս ղեկավարության եւ նման դիրքորոշման պարագայում:

Ֆրանկ Էնգելի դիտարկմամբ՝ Թուրքիան նաեւ մեծապես հետընթաց է ապրել օրենքի դաշտում, ինչն ընդունելի չէ ո՛չ իր, ո՛չ էլ ԵՄ որեւէ երկրի համար:

«Այն օրը, երբ Թուրքիան կփոխվի, հետ կկանգնի Կիպրոսի նկատմամբ իր ագրեսիայից, կբացի սահմանը Հայաստանի հետ, կկարգավորի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ, բանտերից ազատ կարձակի անարդար հիմքով ձերբակալված լրագրողներին, ես միգուցե Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություն պատկերացնեմ, սակայն նման Թուրքիա երբեք չի լինի»,- ասաց նա:

Սյուզի Մուրադյան

Տեսանյութեր

Լրահոս