
Էմանուել Մակրոնի հետ Հայաստան կժամանի նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն ընդգծում է, որ Հայաստանը և Ֆրանսիան մշտապես ունեցել են զարգացող հարաբերություններ և շեշտում, որ հիմա փորձում են դրանք ավելի առաջ տանել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Հայաստան կժամանի նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակությունը:
«Մեզ համար կարևոր է տնտեսական չափումը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, երբ նախագահ Մակրոնը պետական այց կատարի Հայաստան, նրա հետ ժամանելու է նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակությունը: Իմ այցի նպատակներից է, որ նախապատրաստեմ նաև այդ այցը»,- նշեց Ժան-Բատիստ Լեմուանը:
Նա նաև հավելեց, որ Հայաստան է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Ֆրանկոֆոնիային առնչվող հարցեր քննարկելու համար, մասնավորապես` կրթական և մշակութային ծրագրերի զարգացման առումով:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն Հայաստան է ժամանել երկօրյա այցով: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի hանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները: