
Արտաքսվող ռուս դիվանագետների թիվը գերազանցել է 150-ը

Բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ աշխարհի արդեն 28 երկրներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին: Ընդհանուր առմամբ արտաքսվելու են արտերկրում ՌԴ-ի 152 ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նախօրյակին եւս չորս պետություններ հայտարարել են, որ իրենց դեսպաններին հետ են կանչում «Սկրիպալների գործով» կոնսուլտացիաների համար: Նման որոշում են ընդունել Լյուքսեմբուրգը, Մալթան, Պորտուգալիան եւ Սլովակիան: Ընդ որում այս երկրներից ոչ մեկն առայժմ չի պլանավորում արտաքսել ռուս դիվանագետների: Իր հերթին, Չեռնոգորիայի կառավարությունը մարտի 28-ին հայտարարել է, որ որոշել է արտաքսել ռուս մեկ դիվանագետի:
Այսպիսով, Ռուսաստանի դիվանագիտական բոյկոտին միացել է Եվրամիության 19 երկիր, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Ալբանիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Չեռնոգորիան, Ուկրաինան, Մոլդովան եւ Ավստրալիան: