«Հայաստանում քաղաքական գործընթացներ նախաձեռնած ուժերն անկեղծ չեն». Կոլերով
Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ
– Պարոն Կոլերով, մոտենում են ՀՀ վարչապետի ընտրությունները: ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀ վարչապետի բազում թեկնածուների անուններ քննարկվեցին, իշխանության պահպանմանն ուղղված նշանակումների տարբեր սխեմաներ շրջանառվեցին: Սակայն արդեն պարզ է, որ իշխող Հանրապետական կուսակցությունն առաջադրելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ով էլ, ըստ կանխատեսումների, միանշանակ կստանա ԱԺ ձայների 50%-ից ավելին: Ինչպե՞ս են այս գործընթացները գնահատվում Ռուսաստանում և Կրեմլում: Սա համաձայնեցվա՞ծ է ՌԴ իշխանությունների հետ:
– Ոչ, սա համաձայնեցված չէ Մոսկվայի հետ: Վարչապետ դառնալու որոշումը Սերժ Սարգսյանի ինքնիշխան, անձնական որոշումն է եղել: Ավելին՝ այդ որոշումը կայացվել է վաղուց, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նոր Սահմանադրությունը չի ապահովում կուսակցության ղեկավարին բավարար իշխանությամբ ու իշխանական լծակներով: ՀՀ նախագահի նախնական ծրագիրն այն էր, որ ինքը կլինի երկրի ոչ ֆորմալ ղեկավարը Հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այն ժամանակ ենթադրվում էր, որ Սարգսյանը խորհրդարանում կուսակցական մեծամասնության միջոցով կնշանակի ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ խոսնակին, քանի որ խորհրդարանն է ընտրում այդ պաշտոնյաներին: Այս եղանակով կուսակցության ղեկավարը պետք է ղեկավարեր:
– Այսինքն` ի սկզբանե, ըստ Ձեզ՝ վարչապետ լինելու որոշում չի եղել:
– Ոչ, ծրագիրը փոխվեց ընթացքում. վերջին ժամանակաշրջանը ցույց տվեց, որ արդյունավետ կառավարման համար, այդ թվում՝ արտաքին քաղաքական և միջազգային հարցերով լավ կառավարման համար, բավարար չէ լինել ոչ ֆորմալ ղեկավար, քանի որ Հայաստանն ամեն դեպքում Կովկաս է, Արևելք, որը չի հանդուրժում ոչ ֆորմալ ղեկավարություն, և դա, ամենայն հավանականությամբ, չէր աշխատի: Ուստի անհրաժեշտ էր ֆորմալ ղեկավարություն, այսինքն՝ Սերժ Սարգսյանը կընտրվի վարչապետ և կղեկավարի երկիրը, իսկ ՀՀ նախագահը, ով կարող էր իսկապես երկիրը ներկայացնել, ժողովրդական հեղինակություն ունենալ, կունենա դեկորատիվ դերակատարություն:
Նախագահի դեկորատիվ բնույթը, իշխանության ներկայիս վիճակը թույլ են տալիս Սարգսյանին ղեկավարել երկիրն այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարում: Սա նրա անձնական որոշումն էր, և ակնհայտ է, որ այն համաձայնեցված չէ Մոսկվայի հետ:
– Ինչի՞ց է ակնհայտ, ինչպե՞ս են այս որոշմանը վերաբերվում Կրեմլում:
– Կրեմլում դրան ոչ մի կերպ չեն վերաբերվում, Կրեմլի նախասիրությունները որևէ կերպ չեն արտահայտվում: Սրանք ներհայաստանյան ներքաղաքական զարգացումներ են: Ակնհայտ է, որ դրանում Կրեմլը չի մասնակցել, քանի որ Կրեմլը չէր կարող արագ և մանրամասն արձագանքել սկզբից՝ Սարգսյանի առաջին պրոյեկտին՝ Սահմանադրության փոփոխությանը, հետո՝ երկրորդ պրոյեկտին` Սահմանադրության իրացմանը, դա չափազանց բարդ խնդիր է, քանի որ պարունակում է երկրի ներքին կյանքին վերաբերող մանրամասն հարցեր:
Դրանք այնքան դետալային հարցեր են, որ արտաքին դիտորդը պարզապես չի կարող դրան հետևել, առավել ևս՝ արդյունավետ կառավարել: Վերջիվերջո, այն, ինչ տեղի է ունեցել վերջին շրջանում, խոսքն իշխանության բարեփոխման մասին է, ամբողջությամբ եղել է մեկ մարդու ձեռքում, հենց Սարգսյանի, հենց նա է թելադրել այդ փոփոխությունները, դրանց տեմպն ու ձևը: Չեմ կարծում, որ նա իր ներսում որևէ արտաքին համաձայնեցման կարիք ունի:
– Որոշ քաղաքական ուժեր, որոնցից մեկն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն է, «Հանուն Հայաստան պետության» ճակատը ծրագրում են ակտիվ քաղաքական գործընթացներ շուրջօրյա հանրահավաքների և նստացույցերի տեսքով այն ժամանակահատվածում, երբ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, և կստեղծվի մի ժամանակահատված, երբ ՀՀ-ն, ըստ այդ ուժերի հաշվարկների, չի ունենա ղեկավար, որն իշխանափոխության հասնելու համար շատ նպաստավոր է լինելու: Ավելին, Ն. Փաշինյանը նշել է, որ «իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու, և եթե պարզվի՝ կա ժողովուրդ, որ պատրաստ է գնալ և վերցնել էդ իշխանությունը, ինքը կգնա և կվերցնի»: Ըստ Ձեզ` ի՞նչ արդյունքներով կավարտվեն նախատեսվող քաղաքական գործընթացները:
– Որևէ արդյունք չեն ունենա: Բայց առաջին հերթին՝ ես զարմացած եմ, թե ինչու են այդ ուժերը որոշել հանրահավաքներ անցկացնել միայն հիմա, և ոչ՝ ավելի վաղ: Այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելու էր վարչապետ՝ հայտնի էր վաղուց, գոնե ես այդ մասին ասել եմ գոնե մեկ տարի:
Եթե ես՝ օտար լինելով, այդ մասին ասում եմ արդեն մեկ տարի, ապա ներսում այդ մարդիկ ավելի վաղ պետք է իմանային այդ մասին: Իսկ եթե նրանք ավելի վաղ գիտեին, տրամաբանական է, որ պետք է ավելի վաղ սկսեին արձագանքել սպասվող փոփոխություններին: Բնականաբար, այդ ուժերի հույսերն ինձ հավատ չեն ներշնչում, թե նրանք կարող են հաջողության հասնել, քանի որ իրականում երկիրը երբեք առանց ղեկավար չի մնա, և հաջողության համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:
Իսկ հիմա այդ կոչերը ոչ անկեղծության և արհեստականության տպավորություն են ստեղծում, կարծես թե նրանք դա «պտիչկայի» համար են անում: Նրանք միայն հիմա են փորձում ինչ-որ բան անել, քանի որ իրենք ևս չեն հավատում, որ կարող են ազդել իրավիճակի վրա, ինչպես նախկինում չեն կարողացել:
– Ինչո՞ւ չեն կարող, երբ հասարակության շրջանում, մեղմ ասած, կան դժգոհություններ երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից:
– Չեն կարող, որովհետև այդ ուժերը չունեն հասարակության շրջանում աջակիցների անհրաժեշտ քանակ, քանի որ չեն առաջարկում այն, ինչ պետք է հասարակությանը:
– Այսինքն` կլինեն մանր-մունր ակցիաներ, և Սերժ Սարգսյանն իշխանությունը վարչապետության տեսքով կստանձնի առանց խոչընդոտների՞:
– Կարծում եմ` այո: