Կուզբասում եռօրյա սուգ է սկսվել Կեմերովոյում հրդեհի զոհերի հիշատակին
Ռուսաստանի Կեմերովոյի մարզում մարտի 27-ից եռօրյա սուգ է հայտարարված «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվածների հիշատակին: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի վարչակազմին:
«Սուգ է հայտարարված մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին: Համապատասխան կարգադրությունն ստորագրել է նահանգապետ Աման Տուլեեւը: Սգի օրերին Կեմերովոյի մարզի ամբողջ տարածքում կխոնարհվեն Ռուսաստանի Դաշնության պետական դրոշները եւ մարզի դրոշները»,- ասված է հաղորդագրության մեջ: Մարզի իշխանությունները նաեւ հանձնարարել են չեղարկել բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:
Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Ձմեռային բալենի» առեւտրականժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, 60-ից ավելի տուժածներ դիմել են բուժօգնության, նրանցից 15-ը գտնվում է ստացիոնարում: 11 տարեկան մի երեխա ծանր վիճակում է: Մնացած տուժածների վիճակը գնահատվում է՝ միջին կամ թեթեւ: Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում:
«Ինտերֆաքս»-ի իրազեկ աղբյուրը հայտնել է, որ առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից կարող էր զոհվել շուրջ քառասուն երեխա: Գործակալությունն այդ տեղեկատվության պաշտոնական հաստատումը չունի: Ճանաչվել են 25 զոհվածների մարմիններ: Ողբերգության վայրում աշխատում են հարյուրավոր փրկարարներ, բժիշկներ, հոգեբաններ: Զոհերի թվով այս հրդեհը դարձել է երկրորդը Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբի ողբերգությունից հետո, որտեղ 2009 թվականի դեկտեմբերին զոհվեց 156 մարդ: ՌԴ-ի կառավարությունը որոշում է ընդունել 1 միլիոն ռուբլու չափով օգնություն ցույց տալ զոհվածների ընտանիքներին, համանման վճարումներ կկատարեն նաեւ Կեմերովոյի մարզի իշանությունները: