
«Արտասահմանյան որևէ երկրի հիվանդանոցներում չեն ասում՝ մինչև գումարը չբերեք, ձեր հիվանդին չենք վիրահատի». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց. «Այս օրենքը ընդունելիս դուք հանրային կարծիք ուսումնասիրե՞լ եք, մոնիտորինգ արե՞լ եք, զարմանալիորեն ստացվում է, որ մեր կառավարությունը կտրված է ժողովրդից: Այստեղ հապշտապություն կա։ Փոխանակ Հայաստանի հասարակության կարծիքն ուսումնասիրեք, ամեն ինչում ասում եք՝ միջազգային փորձ։ Արտասահմանյան որևէ երկրի հիվանդանոցներում չեն ասում՝ մինչև գումարը չբերեք, ձեր հիվանդին չենք վիրահատի: Իսկ ինչո՞ւ այդ մեթոդները չեք յուրացնում, բա էս բաները սովորեք արտասահմանից։ Այդ գործելակերպը համարեք հնացած»:
Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ օրենքն ընդունելիս հապճեպություն չի եղել. «Մենք որոշում ենք կայացրել օրենքի տառին համապատասխան: Ամբողջ գործընթացը վերահսկվում է: Մենք մեր հանրությանը չենք կարող անպաշտպան թողնել՝ դեղերի սխալ օգտագործումից»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում ընթանում են «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: