«Դեղատոմսի դուրսգրումն անվճար է». Սերգեյ Խաչատրյան
«Եթե ոչինչ չանեինք, մարդիկ շարունակելու էին գնալ, դեղատներից գնել վտանգավոր դեղեր և անհասկանալի բուժումներ ստանալ, մարդիկ պետք է գնային և ուղղորդում ստանային՝ հատուկ դեղերի և դեղատների համար։ Մեր որոշումը հապճեպ չի եղել»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է հեռավոր բնակավայրերում ապրող բնակիչների՝ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություններին, նա ասաց, որ շրջաններից ավելի քիչ հարցեր են իրենց հասնում, քան Երևանից. «Նախարարի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որը երկու օրը մեկ, անհրաժեշտության դեպքում՝ ամեն օր, քննում է այն բոլոր հարցերը, բողոքները, որոնք ներկայացվում են ԱՆ։ Մենք 99 տոկոսի լուծումներն ունենք և անմիջապես արձագանքում ենք»։
Փոխնախարարն ընդգծեց՝ դեղատոմսի դուրսգրումը որևէ հավելյալ վճար չի նախատեսում. «Նման որոշում գոյություն չունի․ դեղատոմսի դուրսգրումն անվճար է»։
Պատգամավոր Լուիզա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք պոլիկլինիկաների բժիշկները կամ դեղագետները փայլուն տիրապետում են ակտիվ նյութերի անվանումներին, որոնք պետք է նշանակվեն դեղատոմսերով։
Փոխնախարարը վստահ է, որ որևէ խնդիր չի կարող առաջանալ. «Կան դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը, որոնցում նշված է ակտիվ նյութը, դրա դիմաց՝ այն բոլոր դեղերը, որոնք առկա են հայկական շուկայում։ Եթե բժիշկը ցանկանում է ինչ-որ դեղ որոնել, ապա ստանում է նաև ակտիվ նյութի անվանումը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք համարժեք դեղեր կառաջարկվեն հիվանդին, նա դրական պատասխան տվեց. «Դրանք համարժեք դեղեր են, փոխարինող չեն, և դրանց տարբերությունը միայն գնային է։ Երբ ասում ենք, որ հիվանդը պետք է ընտրություն կատարի, ապա նա միայն դեղի արժեքի մեջ է ընտրություն կատարում»։