Բաժիններ՝

«Ցավազրկող, ջերմիջեցնող, մրսածության, գրիպի, հարբուխի, փորլուծության և այլ դեղեր բաց են թողնվելու առանց դեղատոմսի». ԱՆ փոխնախարար

«ՀՀ-ում դեղատոմսերի վրա անհրաժեշտ է ունենալ միայն ստորագրություն, կնիքի անհրաժեշտություն չկա»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե կնիքը պարտադիր չէ, ապա ինչքանո՞վ են դեղատոմսերն ապահովագրված կեղծիքներից։ Նա նաև նշեց, որ բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվել նման կարգի անցնելու համար, այդ դեպքում խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։

Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ միջոցների կարիքը կզգացվեր իրազեկման ժամանակ, բայց իրենց ադմինիստրատիվ ռեսուրսների հաշվին իրազեկումն իրականացրել են. «Մենք խնդիր ունենք, որ մարդիկ, ովքեր առաջին օրը կարծեցին, թե բոլոր դեղերն են դեղատոմսով դուրս գրվելու, որից հետո ցանկերը տպագրեցինք, տարածեցինք, լսող չկար»։

Ինչ վերաբերում է դեղատոմսերի կնիքներին, նա նկատեց, որ այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ամեն ինչ կեղծել, այդ թվում՝ կնիքները. «Այսօր ՀՀ-ում կնիքի անհրաժեշտություն չկա, այդ լոգիկայով ձևաթղթի վրա ևս կնիքի անհրաժեշտություն չկա»։

Կարդացեք նաև

«Ունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես են լուծվելու հրատապ դեպքերը, երբ անհապաղ դեղամիջոց է պետք մարդուն, իսկ նա, օրինակ՝ սակավաշարժ է. «Այդ հրատապ դեպքերում մարդիկ չե՞ն տուժելու»։

«Դեղատոմսերով դուրսգրման կարգը որևէ կերպ չի անդրադառնում հանրապետությունում առողջապահական ծառայությունների մատուցման որևէ չափորոշիչի վրա։ Պարզապես ազատ օրերին, տոն օրերին գործում են մի շարք ծառայություններ, որոնք, ինչպես արձագանքել են, այդպես էլ կշարունակեն արձագանքել, օրինակ՝ շտապօգնության ծառայությունը, մեր բոլոր հիվանդանոցներում ունենք հերթապահ բժիշկներ, որտեղ հիվանդը կարող է իր ոտքով գնալ և ստանալ խորհրդատվություն, բուժում։

Բազմաթիվ դեղեր՝ ցավազրկող, ջերմիջեցնող, մրսածության, գրիպի, հարբուխի, ստամոքսի թթվայնությունն իջեցնող, փորլուծության դեղեր, վիտամիններ և այլ դեղեր բաց են թողնվելու առանց դեղատոմսի»,- ի պատասխան՝ ասաց Սերգեյ Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս