«Մարդիկ շատ գոհ կլինեն, որ իշխանափոխություն լինի, բայց նրանք դուրս չեն գա իշխանափոխության». Քաղտեխնոլոգ
Ընդդիմադիր ուժերը ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում իշխանափոխություն իրականացնելու շանսեր չունեն: 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի կողմից նախաձեռնվող զարգացումների մասին:
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում են Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելու դեմ պայքարելու անհրաժեշտության և ռեալ շանսերի մասին: Նրանք ասում են, որ իշխանափոխություն իրականացնելու համար պետք է օգտագործվի այն մեկ շաբաթը, երբ Սերժ Սարգսյանը չի լինելու երկրի ղեկին:
Ա. Բադալյանի համոզմամբ՝ ընդդիմադիր ուժերը չեն կարող իշխանափոխություն իրականացնել, որովհետև դրա համար նրանք պետք է ունենան հասարակության աջակցությունը. «Իսկ այս պահի դրությամբ մենք կարող ենք փաստել, որ Հայաստանում, հատկապես, անցյալ տարվա ապրիլի 2-ի ընտրական միջոցառման հետևանքով, հասարակությունը դադարել է գոյություն ունենալ: Իսկ եթե չկա հասարակությունը, և չկա հասարակության պատվերը, բնականաբար, ընդդիմադիր ուժերն իրենց սակավաթիվ անդամներով որևէ արդյունքի չեն կարող հասնել»:
Քաղտեխնոլոգը նաև նկատեց, որ, ճիշտ է, այդ 7 օրվա ընթացքում գործող նախագահը չի լինի իշխանության գլուխ, բայց բոլոր կառույցները ղեկավարելու են նրա վստահելի գործիչները, որոնք, ըստ Ա. Բադալյանի, ձեռքերը ծալած չեն նստելու և սպասելու՝ մինչև ընդդիմությունն իշխանափոխություն անի:
«Շատ կարևոր է այստեղ նաև ԱԺ նախագահի և վարչապետի դերակատարությունը: Պատահական չէ, որ ԱԺ նախագահ դարձավ այնպիսի մարդ, որ ընդհանրապես քաղաքական գործիչ չի հանդիսացել, չնայած՝ եղել է նախարար, սակայն նա որևէ քաղաքական ինքնուրույն գործունեությամբ աչքի չի ընկել, իսկ դա նշանակում է, որ նա նույնպես չի կարող հանդիսանալ ներսից իշխանափոխություն անող ղեկավար գործիչ: Միաժամանակ, վարչապետը նույնպես ոչինչ չի կարող անել, որովհետև նա քաղաքական գործիչ չէ, թիմակիցներ չունի իշխանության մեջ, և, բնականաբար, նա նույնպես չի կարող օգտվել այդ 7-օրյա պատուհանից:
Այսինքն՝ իշխանության մեջ չկան մարդիկ, որոնք 7-օրյա այդ պատուհանը կօգտագործեն իշխանափոխություն անելու համար, ուժային կառույցներն ամբողջոովին գտնվում են նախագահի վերահսկողության տակ, իսկ հասարակությունն էլ գոյություն չունի: Չկա երկրի ներսում որևէ գործոն ՀՀ-ում իշխանափոխություն անելու համար: Իսկ դրսի վերաբերյալ մենք չենք կարող ասել, ամենայն հավանականությամբ, դրսի ուժերը չեզոքություն են պահպանում»,- նշեց Ա. Բադալյանը:
Մեր ճշտող հարցին՝ միայն ընդդիմադիր ուժերի օրակարգո՞ւմ է իշխանափոխությունը, մարդիկ չե՞ն ուզում, որ իշխանափոխություն լինի ՀՀ-ում՝ Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Մարդկանց այս հարցը շատ է հետաքրքրում, ուղղակի մարդիկ հասարակությունից վերածվել են ընդամենը բնակչության, որոնց ավելի շատ ուրիշ հարց է հետաքրքրում՝ ինչպես իրենք կարողանան իրենց օրվա ապրուստի հարցը լուծեն, ինչպես կարողանան Հայաստանից արտագաղթեն, գնան: Այսինքն՝ լրիվ ուրիշ խնդիրներ կան: Իհարկե, շատ գոհ կլինեն, որ իշխանափոխություն լինի, բայց նրանք դուրս չեն գա իշխանափոխության»:
Մենք նկատեցինք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց https://168.am/2018/03/23/925792.html Բորոդինոյի ճակատամարտը՝ նշելով, որ վճռական ճակատամարտը դեռ առջևում է, և այն լինելու է ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում՝ Ա. Բադալյանը պատասխանեց, որ դա իրականությունից կտրված հայտարարություն է.
«Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերին, երբ Սահմանադրություն էր փոխվում, և ձեր նշած գործիչն այն ժամանակ Սահմանադրության փոփոխության հարցն անվանում էր կեղծ օրակարգ: Այն ժամանակվա Սահմանադրությունը թույլ չէր տալիս գործող նախագահին երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո գործող նախագահը կարող է անսահմանափակ ժամանակով լինել ՀՀ վարչապետ: Վճռական ճակատամարտը 2015 թվականի դեկտեմբերին էր, ոչ թե այս մոտակա մի շաբաթը, իսկ վճռական ճակատամարտում Հայաստանը պարտվեց գործող նախագահին»: