«Սերժ Սարգսյանը պետք է հեռանա». «Ելք»-ում քննարկվում է վարչապետի իրենց թեկնածուի հարցը

«Որքան շուտ Սերժ Սարգսյանը հեռանա քաղաքական դաշտից, այնքան շուտ կշահի Հայաստանի Հանրապետությունը, Արցախի գործընթացը։ Երբ բանակցություններ են գնում նույն Ադրբեջանի հետ, մեր փաստարկներից մեկն այն է, որ Ադրբեջանը ոչ ժողովրդավար երկիր է։ Մեր ԵՏՄ գործընկերներից էլ մենք տարբերվում էինք նրանով, որ չունեինք լիդերներ, որոնք տասնամյակից ավելի են իշխում։ Հիմա մեր այդ առավելությունն էլ ենք կորցնելու։ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա. որքան շուտ, այնքան լավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց  «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը։

168.am-ի հարցին՝ եթե ժողովուրդը փողոց դուրս չգա, «Ելքի» քայլերը որո՞նք են լինելու, նա այսպես պատասխանեց. «Մենք մեր քայլն անելու ենք, մեր ճանապարհային քարտեզն ամբողջական կներկայացնենք մարտի 31-ին։ Կփորձենք մեր օրինակով ցույց տալ, որ պետք է դուրս գալ և ասել՝ ոչ։ Մենք մի քիչ անկանխատեսելի երկիր ենք, մեծ մասամբ ընտրում են պասիվ բողոքի ձևեր։ Մենք, որպես քաղաքական ուժ, նկատի ունեմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», մեր քայլն անելու ենք, մենք հավատարիմ ենք մեր սկզբունքին ու հռչակած նպատակին։ Մնացածն արդեն՝ ըստ իրավիճակի»։

Սիմոնյանն ասաց, որ քննարկում են նաև «Ելքի»  վարչապետի թեկնածուի հարցը, որի մասին մանրամասները ևս պարզ կլինեն մարտի 31-ին. «Այն գործընթացը, որ սկսելու ենք, պետք է ժողովրդին այլընտրանք առաջարկել։ Անազնիվ կլինի՝ ժողովրդին ասել՝ եկեք փոխարինենք այսինչ պաշտոնյային, բայց չասենք, թե ումով ենք փոխարինելու, մի տեսակ անազնիվ է։ Հիմա մենք քննարկումների փուլում ենք, որևէ հստակ բան, թե միանշանակ կլինի վարչապետի թեկնածու, թե ոչ, չեմ կարող ասել։ Այո, մենք ավելի հակված ենք ներկայացնել, որպեսզի ցույց տանք, թե ինչ ենք առաջարկում»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս