Իտալական Acistampa-ն մանրամասներ է ներկայացրել Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացման մասին
Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 5-ին: Այդ մասին հաղորդում է Acistampa-ն՝ Անդրեա Գալյարդուչիի հեղինակած հոդվածի միջոցով: Աղբյուրը նշում է, որ ըստ ոչ պաշտոնական լուրերի, արձանի բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացումը կդառնա Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների բարձր մակարդակի հարաբերությունների ևս մեկ շոշափելի նշան, որոնք էլ ավելի են ամրապնդվել 2016 թվականին Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան՝ առաջին քրիստոնյա ժողովրդին այցելելու ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նպատակ ունի գերազանց հարաբերություններ ունենալ հայ համայնքի հետ, որոնք զարգացել են դեռևս այն ժամանակ, երբ կարդինալ Խորխե Մարիո Բերգելիոն Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր»,- գրել է Acistampa-ն:
Նշվում է, որ արձանի տեղադրման աշխատանքների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները բարձր մակարդակի հանդիպումներ են ունեցել Վատիկանում:
Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մարտի 21-ին մանրամասներ էր ներկայացրել Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքների մասին:
Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին էր նվիրել Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել էր արձանն ու շնորհակալություն հայտնեց նախագահին՝ տալով իր համաձայնությունը:
«Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը: Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»,-նշել էր Միքայել Մինասյանը: