«Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի հետ Պուտինը չի ուզում աշխատել». Ազատ Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ չէ, թե Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, ավելի հարմար կլինի, եթե նա դառնա Անվտանգության խորհրդի քարտուղար՝ որոշակի լիազորություններով և կուսակցական իր լիդերությունով: Նրա խոսքով՝ ավելի հարմար կլիներ, որ վարչապետն ու նախագահը, ըստ Ս. Սարգսյանի հայտարարության՝ ավելի երիտասարդ կամ քիչ փորձառու քաղաքական գործիչները դառնային. «Իսկ ինքը՝ որպես նահապետ, որպես կուսակալ, չստանձներ այդ պաշտոնը։ Ռուսաստանի ընտրությունները ցույց տվեցին, որ պրովինցիաներում պետք է լինի գլխավորի մանրակերտը»։

Արշակյանի խոսքով՝ Պուտինի այն հայտարարությունը, թե պատրաստ է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, դա ցույց է տալիս, որ բացարձակ միապետ է, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ըստ Արշակյանի՝ ժողովրդավարությունն ավելի շատ է.

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը ես հենց այդպես էլ ընկալեցի, որ մենք ունենք բդեշխ, որը հայտարարում է, թե նահապետի նման կկառավարի երկիրը։ Բայց սխեման սխալ է ընտրված եղել։ Սահմանադրությունը նոր վիճակից հետո է մնացել, Սահմանադրությամբ դա պետք է լիներ նախագահը՝ իր անպատասխանատու լիազորություններով»։

Արշակյանը հիշեց, որ ԳԽ պատգամավորների 80 տոկոսը սովետական նոմենկլատուրայի ներկայացուցիչներն էին, և նրանք քվեարկեցին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, որովհետև Մոսկվայից մի պահ ճնշում չեղավ, պատգամավորներն էլ ընտրեցին ժողովրդավարությունն ու անկախությունը։

Կարդացեք նաև

Հետևաբար, թեպետ Արշակյանը վստահ չէ, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, բայց, միևնույն ժամանակ, այն կարծիքին է, որ Պուտինը գործընկեր է ընտրել հենց Սերժ Սարգսյանին. «Դրա համար Սերժ Սարգսյանը հիմա ստիպված փոխում է իր խոսքը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի հետ Պուտինը չի ուզում աշխատել, նա ուզում է աշխատել Սերժ Սարգսյանի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս