
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների առանձնացված մասով վարույթը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների առանձնացված մասով վարույթը մակագրվել է Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
«Դատավոր Արթուր Օհանյանի վարույթում գտնվող գործերը դատավորին կցված Դատական ծառայողները ամփոփել են դատավորի վարույթում գտնվող գործերը և մուտք արել գրասենյակ։ Էլեկտրոնային մակագրման համակարգը ավտոմատ եղանակով մակագրում է այլ դատավորների։ Տվյալ գործը համակարգը մակագրել է Արշակ Վարդանյանին, ինչը արդեն արտացոլված է Datalex դատական տեղեկատվական համակարգում»,- ասաց Խաչատրյանը:
Դատավոր Արշակ Վարդանյանը քննելու է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը:
Մարտի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները՝ պայմանավորված առողջական խնդիրներով: