Բաժիններ՝

«Ռիսկի խմբում գտնվող մարդկանց այսօր խորհուրդ եմ տալիս անհանգստացնող երևույթներ նկատելու պարագայում անմիջապես կապ հաստատել բժշկի հետ». սրտաբան

Այսօր հոգեբան Արմինե Փաշայանը, բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը և սրտաբան, ընտանեկան բժիշկ Մհեր Խոնդկարյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին գարնանը սրացող առողջական խնդիրների մասին, անդրադարձան նաև դրանց հավանական բարդություններին և դրանց կանխարգելմանը:

Գարնանային եղանակին սիրտ-անոթային համակարգի ախտահարումը պայմանավորված է մի քանի պատճառներով, և առաջին հերթին՝ այն ձմեռվա հետևանք է՝ նշում է ասուլիսի բանախոս, սրտաբան, ընտանեկան բժիշկ Մհեր Խոնդկարյանը՝ հավելելով. «Եղանակային փոփոխությունն օրգանիզմի համար ոչ հարմար միջավայր է ստեղծում՝ պատճառ դառնալով տարատեսակ սպազմների: Ձմեռային եղանակին տարած սեզոնային հրվանդությունները թուլացնում են մարդկանց առողջությունը, որն իրեն զգացնել է տալիս հենց գարնանը: Շատ կարևոր է նաև այն, թե ինչով են մարդիկ սնվում գարնանը: Հայտնի է, որ ձմռան ամիսներին մարդիկ սնվում են հիմնականում պահածոներով, որոնք պարունակում են մեծ քանակությամբ աղ, որն արդեն ինքնըստինքյան հյուծում է օրգանիզմի օգտակար տարրերը»:

Այս ամենից բացի, բժիշկ սրտաբանն ուշադրություն է հրավիրում համատարած հիպոդինամիայի վրա. «Մենք ունենք նաև հիպոդինամիա, մարդիկ վիրտուալիզացվել են, և ամենածանր աշխատանքը մարդու համար դարձել է համակարգչի մկնիկն այս ու այն կողմ տանելը: Մարդուն անհրաժեշտ է օրական մինիմում 1 ժամվա ֆիզիկական ակտիվություն և ստաբիլ՝ մոտավոր 6000 քայլ, որը, իհարկե, հեռու է մեր իրականությունից: Գարնան գալուստով այս տեսակետից ավելի ծանր վիճակում են հայտնվելու այն մարդիկ, ովքեր ունեն ավել քաշ: Հիպերտոնիայով տառապող մարդիկ ևս իրենց օրգանիզմում կտրուկ տատանումներ կնկատեն, բոլոր սրտաբաները նշում են, որ հատկապես գարնանային սեզոնին հիվանդների հոսքը կտրուկ աճ է արձանագրում»:

Մհեր Խոնդկարյանը հստակեցնում է՝ հատկապես գարնան գալուստով մարդիկ պետք է երեք կարևոր գործողություն կատարեն՝ դիագնոստիկ և պրոֆիլակտիկ միջամտություն, պակասեցնել սուրճի և ծխախոտի քանակը, և բոլոր նրանք, ովքեր առողջական խնդիրներից ելնելով պարբերաբար դեղորայք են օգտագործում՝ հատկապես տարվա այս եղանակին դրանք ընդունեն հնարավորինս հետևողական կերպով:

Ըստ հիդրոմետ ծառայության՝ այսօր սպասվում է շատ ուժեղ տաք օդի ալիք, առաջացնելով վտանգավոր երևույթ: Ռիսկի խմբում գտնվող մարդկանց, այն է՝ ճնշման տատանումներ ունեցողներին, բժիշկը խորհուրդ է տալիս մկանային ցավեր, կրծքավանդակի ձախ հատվածում անհանգստացնող երևույթներ նկատելու պարագայում անմիջապես կապ հաստատել իրենց բուժող բժիշկների կամ շտապ օգնության ծառայության հետ և բոլոր դեպքերում նվազեցնեն անհանգստության զգացումը, հնարավորինս զերծ մնալով նյարդային սթրեսներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս