Ո՞վ է կախաղան բարձրացվելու հրապարակում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. ինչքան մոտենում է ապրիլի 9-ն` այնքան Ազատության հրապարակում պակասում է միտինգավորների թիվը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջին հանրահավաքին եկել էր 300 մարդ, անցած շաբաթ` 200, այսօր` ավելի քիչ: Սա առնվազն խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը բացարձակ անտարբեր է նույնիսկ աղմկահարույց դատավարությունների հանդեպ, այլապես` Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դառավճռից հետո հրապարակում հավաքվածների թիվը գոնե կշատանար: Բայց ինչքան պակասում է մարդկանց թիվը` այնքան ավելի ագրեսիվ ու հավակնոտ են դառնում հռետորների ելույթները: Ճակատի անդամ Դավիթ Սանասարյանն ասել է, թե խորհրդակցությունների, բանակցությունների մեջ են տարբեր ուժերի հետ, որպեսզի «հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի»:
Հրապարակ լցնելու հնացած բանաձեւ է, որովհետեւ քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն ոչինչ չեն տալիս, մանավանդ, եթե «յոթ դռների» հետեւում «հեղափոխական» ծրագրեր են մշակում լուսանցքում հայտնված քաղաքական ուժերը. զրոների գումարից երբեք դրական թիվ չի ստացվում:
Շահարկումներից խուսափելու համար` նկատենք, որ խոսքը ոչ թե կոնկրետ գործիչների բարոյական նկարագրի, այլ` քաղաքական կշռի մասին է: Մեր ընդդիմությունը քսան տարիների ընթացքում չհասկացավ, որ հաջողության գրավականն ոչ թե կաբինետներում կայացված քաղաքական համաձայնություններն են, այլ` ընդդիմության եւ հասարակության դիալոգը, համաձայնությունը:
Քաղաքական համաձայնություններն ինքնին ինքնանպատակ են, երբ չունեն ռացիոնալ օրակարգ, ամրապնդված չեն հասարակական վստահության ռեսուրսով եւ չեն ստեղծում միջավայր` շարժման ղեկավար կազմը նոր, կրեատիվ դեմքերով համալրելու համար: Երբ չկան նոր գաղափարներ, զարգացման ռեսուրս, մարդիկ փորձում են իրենց հանրահավաքների մարդաշատությունն ապահովել թամաշաներով, տեսարաններով:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանի խոսքով՝ իրենք նախատեսում են Մարտի 1-ի դեպքերի դատավարություն անել հրապարակային՝ Ազատության հրապարակում: Նա ասել է, որ դիմելու են Անդրանիկ Քոչարյանին, Սեդա Սաֆարյանին՝ փաստահավաք խմբի անդամներին, որոնց մոտ հավաքված եւ կուտակված են Մարտի 1-ի հետ կապված բոլոր փաստաթղթերը: «Դատավարությունը պետք է կատարվի՝ այստեղ հրապարակում, բոլորի աչքի, ժողովրդի, սփյուռքի մասնակցությամբ, եւ մինչեւ ապրիլի 9–ը պետք է կարողանանք իրականացնել դատավարությունը»,- ասել է նա՝ նշելով, որ վճիռը կլինի ժողովրդինը:
Մարտի 1-ի կազմակերպիչներն, անշուշտ, պետք է պատժվեն, սակայն դա պետք է տեղի ունենա միայն լեգալ ճանապարհով` օրենքով նախատեսված ընթացակարգով եւ ատյաններում: Լյումպենի դատաստան կազմակերպելը կամ Ազատության հրապարակում կախաղանների տեսարաններ բեմականացնելն ոչ միայն որեւէ աղերս չունեն իրական քաղաքականության հետ, այլ մարդկանց մոտ ավելի են խորացնում ապատիկ տրամադրությունները` նրանց դարձնելով իշխանության 10000 դրամների պոտենցիալ շահառուներ կամ ՊՊԾ-ն զավթող «գրոհայիններ»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։