
Սխալմամբ 31 տարի բանտ նստած ամերիկացին միլիոնատեր է դարձել

Ամերիկացին, որը սխալմամբ 31 տարի բանտ է նստել, ստացել է 1 մլն դոլարի փոխհատուցում: Այդ մասին հայտնել է Fox 17 նորությունների պորտալը: Թեննեսիի նահանգի բնակիչ Լոուրենս Մաքքինիին 2009 թվականին ազատ էին արձակել, քանի որ նրա գործով նոր հանցանշաններ էին հայտնվել:
61 տարեկան տղամարդու վրայից հանել են բռնաբարության եւ կոտրանքի միջոցով գողություն անելու մեղադրանքները եւ որպես փոխհատուցում վճարել 75 դոլար: «Կառավարությունը խլեց իմ քսան, երեսուն եւ նույնիսկ քառասուն տարիները: Ես իմ կյանքը դասավորելու ոչ մի հնարավորություն չեմ ունեցել»,-գանգատվել է Մաքքինին: Նա հնարավորություն է ստացել փոխհատուցման ավելացում պահանջել միայն ութ տարի անց՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ նահանգի նահանգապետը վերականգնել է նրա իրավունքները:
Նահանգի բողոքների քննման հանձնաժողովը մարտի 21-ին պարտավորվել է 1 մլն դոլարի չափով առավելագույն փոխհատուցում վճարել, որը նախատեսված է սխալմամբ բանտարկվելու դեպքում: Մաքքինիին անմիջապես կվճարեն 353 հազար դոլար, որպեսզի նա կարողանա վճարել փաստաբանի ծառայությունների դիմաց եւ մարի պարտքերը, իսկ մնացած 647 հազարը կբաժանեն 3350 դոլարի չափով ամսական վճարումների համար: Պետությունը երաշխավորում է վճարումներն ապահովել առնվազն տասը տարվա ընթացքում, նրա մահվան դեպքում փողը կվճարեն կնոջն ու ժառանգներին: