«Իրենք դարպասից ներս մտան և հարձակվեցին անմիջապես տեգորս վրա». Գյումրիում դանակահարվածի կին
Գյումրիում վերջերս դանակահարված երկու եղբայրներից մեկը դեռևս գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ Գյումրու բժշկական կենտրոնի տվյալների, դեպքը տեղի է ունեցել Ղուկասյան փողոցում:
168.am-ի հետ զրույցում դանակահարված եղբայրներից մեկը նշեց, որ դեպքը պատահել է այն ժամանակ, երբ ընտանիքով հյուրընկալվել են իրենց բարեկամի տանը:
«Տնից դուրս ենք ելել, տան հայաթի մեջ կռիվն եղավ: Մութ էր, հեչ բան չեմ տեսել, որ նկարագրեմ: Ժամը 9-10-ն էր մոտավորապես»,- նշեց Մանուկ Հակոբյանը:
Վերջինիս կինը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հյուր էին գնացել, դուրս էին գալիս, երբ դեպքը պատահեց:
«Ինչպես նշեց ամուսինս, հյուր էինք գնացել, դուրս էինք գալիս, երեխան էլ իմ գիրկն էր: Ամուսնուս եղբայրը դռան մոտ կանգնած էր, ինքը առաջացավ մեքենային, իրենք չսպասեցին, որ մենք առաջանայինք, իրենք անմիջապես հարձակվեցին ամուսնուս եղբոր վրա: Այդ ժամանակ օգնության հասավ իմ ամուսինը: Իմ տեսնելով՝ իրենք երկու հոգի էին, զինված էին դանակներով, և մարմնական վնասվածք հասցրեցին ամուսնուս և իր եղբորը: Իրանք էլ էին երկու եղբայր, մեկի անունն Աբո է, մյուսի անունը չգիտեմ, ոչ էլ հարձակման պատճառը: Երբ դուրս էինք գալիս, ցտեսություն էինք ասում, իրենք նպատակ չունեին անմիջապես հենց մեզ վնաս տալու: Մենք առաջացել էինք, որ մեքենան նստեինք, իրենք դարպասից ներս մտան և հարձակվեցին անմիջապես տեգորս վրա: Չսպասեցին, որովհետև դարպասը պռուժինով էր, եթե դուռը թողնեին, կփակվեր, իրենք դարպասի հետևը պախկված էին: Իրանց տունը երկու տեղով կարաս դուրս գաս, ներս մտնես: Մենք մյուս տեղով էինք դուրս գալիս, իրանք մյուս կողմով էին եկել: Դեպքից հետո մենք անմիջապես էստեղ ենք եկել, էլ ոչ մի բանից տեղեկություն չունենք»,- ասաց Մանուկ Հակոբյանի կինը՝ Կարապետյան Նաիրան:
Ըստ մեր զրուցակցի՝ դեպքից հետո իրենք այնպիսի շոկի մեջ են եղել, որ չեն էլ փորձել հասկանալ՝ ի՞նչ կապ ունեն հարձակվողներն իրենց հյուրընկալած տան անդամների հետ:
Մանուկ Հակոբյանի բուժող բժիշկ Հարություն Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջինիս առողջական վիճակը համապատասխան է հետվիրահատական շրջանին, նա ունեցել է որովայնի առաջնային պատի կտրված, ծակված վերքեր՝ լյարդի վնասումով:
Ինչպես ավելի վաղ 168.am-ին փոխանցել էին «Գյումրու բժշկական կենտրոնի» մամուլի ծառայությունից, մարտի 20-ին՝ ժամը 20:50-ին, շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց էին տեղափոխվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ՝ 1982 թվականին ծնված Մանուկ Հ.-ն և 1982 թվականին ծնված Մանվել Հ.-ն: Մանուկ Հ.-ի մոտ ախտորոշվել էր կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, իսկ Մանվել Հ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հոնքի պատրված վերքեր: Տուժածներն անցել էին բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները: Նրանք վիրահատվել էին:
ՀՀ քննչական կոմիտեի կայքում տարածված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Հակոբյան եղբայրների դանակահարության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել են:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ եղբայրները մարմնական վնասվածքները ստացել են 2018 թվականի մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եղբայրները ճանաչվել են տուժող։
Նախնական տվյալներով՝ Հակոբյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածքներ են պատճառել Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1984 և 1990 թվականներին, ովքեր ևս եղբայրներ են։ Կասկածյալները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անահիտ Սիմոնյան