ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունել է Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում մարտի 23-ին կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»): Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա ևս երկու շաբաթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.

«ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց, որ հիշյալ բանաձևի նախաձեռնումը Ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի վճռական և շարունակական հանձնառության արտահայտությունն է: Նա շեշտեց Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի՝ մարդու իրավունքներին նվիրված ՄԱԿ-ի առաջին միջազգային պայմանագրի 70-ամյակի տարում ՄԻԽ կողմից Ցեղասպանության կանխարգելման բանաձևի կոնսենսուսով ընդունման առանձնահատուկ կարևորությունը:

Բանաձևը վերահաստատում է, որ անպատժելիության դեմ պայքարը ցեղասպանության կանխարգելման կարևոր գործոն է: Այն իր մտահոգությունն է հայտնում ցեղասպանության ժխտման կամ արդարացման փորձերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են անպատժելիության, ժողովուրդների հաշտեցման և ոճրի կանխարգելմանն ուղղված ջանքերը:

Բանաձևը հատուկ ուշադրություն է դարձնում Ցեղասպանության նախանշանների և պատճառների բացահայտմանը:Այն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի՝ կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ՝ վերջինիս համընդհանուր վավերացմանն ուղղված կոչը:

Փաստաթուղթը նաև իր գոհունակությունն է հայտնում 2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը՝ որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակման կապակցությամբ։

Բանաձևով Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին առաջարկվում է Մարդու իրավունքների խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի ընթացքում կազմակերպել բարձր մակարդակի քննարկում` նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին:

Բանաձևը նախատեսում է նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը անդամ երկրների կողմից ստացված տեղեկատվության հիման վրա կնախապատրաստի զեկույց նվիրված ցեղասպանության կրթության դասավանդման և Կոնվենցիայի լուսաբանման հարցերին»։

Տեսանյութեր

Լրահոս