Բաժիններ՝

ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով  բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Կ.Մ.-ն 2018 թվականի հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի տիրացել է Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված առնվազն 11 ավտոմեքենաների թանկարժեք (250 հազարից մինչև 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ) համարանիշների՝ ավտոմեքենաների դիմապակու վրա թողնելով այլ պետության բջջային օպերատորի հեռախոսահամարներ, որոնց միջոցով կապ հաստատելով սեփականատերերի հետ՝ համարանիշները վերադարձնելու դիմաց պահանջել է  120.000-ից մինչև 1 մլն դրամի չափով գումարներ՝  սպառնալով չհամաձայնելու դեպքում ոչնչացնել դրանք:

Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում` վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են դեպքի վայրի հարակից տարածքում:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի («Շորթում, որը կատարվել է խոշոր չափերով») հատկանիշներով, որում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել  դեպքերի հանգամանքների վերաբերյալ կարևորություն ներկայացնող ցուցմունքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու և նշված հանցանքին հնարավոր առնչակից անձանց պարզելու ուղղությամբ:

Հանցագործությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ (010)579314 կամ  (011) 562724 հեռախոսահամարներով:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031