«Էդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու». Նիկոլ Փաշինյան
Օրերս Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել էր «Ելքում» եղած տարաձայնություններին՝ ասելով. «Նախկինում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը, հուսամ՝ «Ելքին» նույն ճակատագիրը չի սպասվում»:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ա. Աշոտյանի այս գնահատականին. «Անկեղծ ասած, այս գումարման Ազգային ժողովում իմ թիրախը ՀՀԿ խմբակցությունն է, և ես կաշխատեմ հենց այդ ուղղությամբ»:
Խոսելով «Ելքում» եղած տարաձայնությունների մասին՝ Ն. Փաշինյանն ասաց, որ դաշինքում և խմբակցությունում նորմալ, աշխատանքային մթնոլորտ է. «Մենք միասնական քվեարկում ենք բոլոր հարցերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ մենք ի վերջո կգանք ընդհանուր հայտարարի: Չեմ կարծում՝ հիմա մենք անհաղթահարելի ճեղքեր ենք առաջացրել մեր մեջ, որը կարող է բերել ինչ-որ կատաստրոֆիկ հետևանքների: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին, և շնորհակալ եմ, որ իրենք էլ հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշումներին: Մենք այս պահին ունենք կոնսենսուս այն մասին, որ այս հարցի վերաբերյալ չունենք կոնսենսուս, ինչը չի նշանակում, որ այդ թեմայով խոսակցությունը փակված է»:
Դիտարկմանը, թե ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանն օրերս հայտարարեց, որ ճակատամարտն արդեն ավարտված է, ու մարտեր մղելու համար ուշ է արդեն՝ Ն. Փաշինյանը հիշեցրեց Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ իր բերած՝ Բորոդինոյի ճակատամարտի օրինակը: Ըստ նրա՝ այն ուժերը, որոնք մտել են այդ «սահմանադրական ծուղակի» մեջ, հիմա ի վիճակի չեն «վճռական ճակատամարտին» մասնակցելու:
Հարցին՝ սա՞ է վճռական ճակատամարտը լինելու, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ, այո, սա լինելու է վճռական ճակատամարտը. «Նախորդը ծուղակ էր, և այն ուժերը, որոնք մտել են այդ ծուղակի մեջ, իրենք են այսօր հայտարարում, որ իրենք ի վիճակի չեն պայքար կազմակերպել: Ու հիմա ես ուրախ եմ, որ ասում եմ՝ մենք ի վիճակի ենք կազմակերպել պայքար»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ նախորդ Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը չուներ հնարավորություն երրորդ անգամ ղեկավար դառնալու, Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ես հիմա պնդում եմ, որ, եթե լինի ժողովրդի կամարտահայտում, այս Սահմանադրությամբ ավելի հեշտ է իշխանափոխություն անելը, քան նախորդ Սահմանադրությամբ: Շատ պարզ պատճառով, որովհետև այն քաղաքական պրոցեսները, երբ մենք նախատեսել ենք, Սերժ Սարգսյանը չի ունենալու ոչ մի պաշտոն, այսինքն՝ Ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի վրա առնվազն ֆորմալ հրամանատարի կարգավիճակ չի ունենալու, և կառավարություն չի լինելու: Էդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու, և, եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ և վերցնել այս իշխանությունը, ուրեմն՝ կլինի»: