«Կարող եք մերժել առաջարկը, բայց ասել, որ մենք թշնամիներին… նամյոկ անել, ասել, որ մենք ծառայություն ենք մատուցում թշնամիներին…». Էդմոն Մարուքյան

«Դուք առաջարկում եք վերադասավորել կառավարությունը՝ ներկայացնելով կառավարության մեկ այլ կառուցվածք: Սա քաղաքական որոշման խնդիր է, և յուրաքանչյուր կառավարություն ինքն է առաջարկում այն կառուցվածքը, որը իր կարծիքով՝ լավագույնս կնպաստի իր կողմից դրված խնդիրների լուծման համար: Մենք, դիտարկելով մեր կադրային ռեսուրսները և հնարավորությունները, այս պահին առաջարկում ենք այսպիսի կառուցվածք: Վստահ եմ, երբ մի օր իշխանության լինի մեկ այլ քաղաքական ուժ, նա կներկայացնի իր տեսլականը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ պատասանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ իրենց ներկայացրած առաջարկները չեն ընդունվել:

Ոստիկանության զորքերի թիվը հրապարակելու մասին «Ելքի» առաջարկը Դ.Հարությունյանը «շատ վտանգավոր» որակեց: Նրա կարծիքով` Ոստիկանության զորքերը մտնում են մեր ընդհանուր զորքերի մեջ, կարող են ներգրավված լինել ՀՀ պաշտպանության գործում և ստիպել օրենքով տրամադրել տեղեկատվություն, որը մեր հակառակորդը սիրով կընդունի, լավագույն ծառայությունը չէ ՀՀ-ին:

Տեսչական մարմինների մասին «Ելքի» առաջարկը կառավարությունն ընդունել է, քանի որ կիսում է խմբակցության մոտեցումները, սակայն չի կիսում այն մոտեցումը, որ հակասահմանադրական է առաջին փոխվարչապետի պաշտոն սահմանելը, որովհետև դրան ոչինչ չի արգելում:

«Պարոն Հարությունյան, ձեր մեղադրանքը, թե ում ենք ծառայություն մատուցում, մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Իսկ Ոստիկանության վերաբերյալ մեր պահանջը՝ թե՛ Ոստիկանությանը բերել կառավարության կազմ, թե՛ թվաքանակը հրապարակելու մասին, միտված է Հայաստանը ոստիկանական երկիր չդարձնելուն և միտված է նրան, որ մենք իմանանք մեր բնակչության մեկ թվին ընկնող ոստիկանների թիվը, ինչը միջազգային չափանիշերով խախտված է, և դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան: Այ, սրա համար ենք մենք առաջարկել: Կարող եք մերժել առաջարկը, բայց ասել, որ մենք թշնամիներին… նամյոկ անել, ասել, որ մենք ծառայություն ենք մատուցում թշնամիներին, կարծում եմ, կոռեկտ մեկնաբանություն չի ձեր կողմից, կարծում եմ, նաև վիրավորական է»,- հակադարձեց Է.Մարուքյանը:

Դ.Հարությունյանը պնդեց իրենը. «Շատ հաճախ բարի նպատակներով է սալապատված դժոխքի ճանապարհը: Ձեր նպատակը բարի է, բայց կյանքի կոչելու պարագայում մենք ստիպված կլինենք թշնամուն տալ մի տեղեկատվություն, որը պատշաճ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս