Բաժիններ՝

«Վարձատրում են ՀՀԿ տատիկին՝ Բուրաստանին, նա էլ գալիս-անիծում է. ամոթանք եմ ուզում տալ վարչապետին». Տիգրան Հովհաննիսյան

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մեքենաների ներկրման ոլորտում մեծ առաջընթաց կա. «Ավտոներկրումների բնագավառում շատ լուրջ հաջողությունների ենք հասել, իսկ ապրիլի 1-ից էլ անգամ շփումը մաքսատան հետ է կրճատվելու, այսինքն՝ ինքնուրույն հայտարարագրելու ենք մեքենաները։ «Կոռուպցիա» բառն այստեղ գոյություն չունի։ Այստեղ ես կարող եմ շնորհավորել վարչապետին, որ լավ կադրեր ընտրեց, և ՊԵԿ-ում իսկապես գիտնականներ են աշխատում, որոնք կարողացել են խնդիրներին լուծում տալ»։

Տրանսպորտի նախարարարության աշխատանքին անդրադառնալով՝ նա ասաց, որ տիրում է անգրագիտություն, խաբեություն. «Նախարարի հետ հանդիպումները վերածվել են փողոցային մակարդակի խոսակցությունների։ Նա մտածել է, որ, եթե ես նրա հետ պետք է շփվեմ, ուրեմն՝ ցույցերը պետք է վերանան։ Բայց ՊԵԿ-ի դիմաց էլ ցույցերը դեռ շարունակվում են, եթե խնդիրներ են ծագում, բայց անձնական դարձնել՝ասելով, որ, եթե դու գալիս ես մեր աշխատասենյակ, ցույցերը պետք է վերանան, դա աբսուրդ է։ Պայմաններ են դնում մեր առաջ, ակցիաների ժամանակ վարձատրում են ՀՀԿ տատիկին՝ Բուրաստանին, նա էլ գալիս-անիծում է, անմակարդակ խոսակցություն է գնում։ Այստեղ ամոթանք եմ ուզում տալ վարչապետին, որ տրանսպորտի ոլորտը քայքայվել է։ Այն բիզնես ցեղասպանությունը, որ սկսել էր Տիգրան Սարգսյանը, Կարեն Կարապետյանը շարունակեց։ Տաքսու ոլորտում հայտնվեցին օնլայն տաքսիները, որոնք հայտարարեցին, թե իրենք տաքսի չեն, բայց իրականում բոլորն էլ տաքսի են կոչվում ու հարկեր չեն վճարում»։

Հովհաննիսյանը նկատեց՝ Yandex taxi-ն կաշառում է վերնախավին. «GG-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Yandex-ը Թուրքիայի հրեաներն են, այսինքն՝ մեզ ուզում էին հիշեցնել, թե ովքեր էին մեզ կոտորել 1915թ.։ Եթե դա են ուզում GG-ի ղեկավարությունից հայտնել, ես դիմում եմ վարչապետին, որպեսզի ԱԱԾ-ին հանձնարարեն այդ տեղեկությունը ստուգել, թե ովքեր են Yandex-ի տեղերը։ Տրանսպորտի նախարարությունում երբեք Yandex-ի ներկայացուցիչ չի եկել քննարկումներին։ Բոլորը գիտեն, թե հայերն են ղեկավարում Yandex-ը, կամ ռուսական տաքսի ծառայություն է։ Ոլորտում բոլոր տաքսու վարորդները հազարավոր դոլարների պարտքեր են կուտակել, չեն կարողանում աշխատել»։

Նա ասաց, որ պատրաստվում է դատի տալ Տրանսպորտի նախարարությանը և կասեցնել գործողությունները՝ տրանսպորտային օպերատորների ներդրման հետ կապված. «Ինձ համար, բացի այն, որ ժողովուրդը պետք է լավ սպասարկվի, կարևոր է նաև ստրուկ-վարորդների կարգավիճակը․ վերջը դրանք արհմիություններում գրանցվե՞լ են, թե՞ ոչ։ Հասունացել է այն պահը, որ նրանք պետք է բողոքեն։ Տրանսպորտի նախարարությունը պետք է զբաղվի միայն ճանապարհներով և տրանսպորտով, այլ ոչ թե՝ կապով և ՏՏ ոլորտով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս