Բաժիններ՝

Կիևում հայկական մշակույթի թանգարան է բացվել

Կիեւի Ռերիխի անվան հանրային գրադարանում արդեն մեկ ամիս է, ինչ գործում է հայկական մշակույթի «Նավասարդ» թանգարան-սրահը: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ գրադարանը երկար ժամանակ համագործակցել է հայ համայնքի հետ, ուստի որոշում է ընդունվել բացել հայկական մշակույթին, գրականությանն ու արվեստին նվիրված սրահ։

Ինչպես նշում է AnalitikaUA.net-ը, Կիեւի հայ համայնքի կանանց կոմիտեի եւ գրադարանի ներկայացուցիչների համատեղ ջանքերով հավաքվել են մեծ թվով գրքեր, նկարներ եւ հայկական մշակութային ժառանգության այլ նմուշներ: Թանգարան-սրահի բացման արարողությունը կայացել է Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին Ռերիխի անվան գրադարանում, որը գտնվում է Կիեւի Երեւանյան 12 հասցեում, ինչը խորհրդանշական է:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցած Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի ղեկավարը, փոքր խաչքար է նվիրել սրահին եւ օրհնել կազմակերպիչներին ու նրանց ձեռնարկումը: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայ համայնքն ամենախոշորներից ու կազմակերպվածներից մեկն է:

Հայերը նկատելի տեղ են գրավում Ուկրաինայի պատմության մեջ: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերի հայտնվելը թվագրվում է 11-12-րդ դարերով: Ուկրաինական հողերում գտնվելու բազմադարյա պատմության ընթացքում հայերն ստեղծել են նյութական ու հոգեւոր հսկայական ժառանգություն: Հայ համայնքն ինտեգրվել է ուկրաինական հասարակությանը՝ ընդսմին պահպանելով իր մշակութային, ազգային ու կրոնական առանձնահատկությունները: Ներկայում Ուկրաինայում ապրում է բազմահազարանոց հայ համայնքը, ազգային համայնքներ են գործում հանրապետության բազմաթիվ քաղաքներում, աշխատում են հասարակական-մշակութային կազմակերպություններ:

Հայերը կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, զարգացնում ազգային մշակույթը: Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող հայկական բոլոր կազմակերպությունները: Միությունը ակտիվ աշխատանք է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ:

Ինչպես նշել է Շատվորյանը, գիտությունն ու մշակույթն ավանդաբար գտնվում են կազմակերպության ուշադրության կենտրոնում: «Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային ու պատմական ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ կանենք պատմական, ճարտապարետական ու մշակութային ժառանգության պահպանման ու մասսայականացման համար»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս