
Առնվազն 13 մարդ է զոհվել Վիետնամի բնակելի համալիրում բռնկած հրդեհից

Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս գրեթե 30-ը՝ տուժել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկած հրդեհից: Այդ մասին մարտի 23-ին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը։Մարդկանց մեծ մասը մահացել է՝ շնչահեղձ լինելով ծխից, ոմանք լուսամուտներից թռել են մեծ բարձրությունից:
Բնակելի համալիրը գտնվում է Հոշիմինի հարավում եւ ներառում է 14-ից մինչեւ 20 հարկ բարձրությամբ երեք շենք, որոնցում գտնվում է ավելի քան 700 բնակարան: Նշվում է, որ հրդեհն սկսվել է ստորգետնյա կայանատեղում վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած էին:
Ըստ որում տուժածներից շատերը հայտարարել են, որ չի գործել հրշեջ ազդասարքը, եւ իրենք այդ մասին իմացել են, միայն այն ժամանակ, երբ ծուխն ու կրակը հասել են մինչեւ իրենց բնակարանները: Հրշեջներին մեկ ժամից ավելի է պահանջվել կրակի տարածումը կանգնեցնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: