Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանը չկարողացավ պատգամավոր Տուրուլին ընտրել տարածաշրջանի նոր ղեկավար

Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում: Պալատում կայացած առաջին քվեարկության ընթացքում հավակնորդին անհրաժեշտ էր խորհրդարանականների բացարձակ մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ առնվազն 68 ձայն 135-ից: Մինչդեռ միայն 64 պատգամավոր արտահայտվեց ի պաշտպանություն Տուրուլի:

Ուստի երկու օրից խորհրդարանում վերստին կարող են անցկացվել քննարկումներ եւ քվեարկություն, սակայն այդ դեպքում հավակնորդին բավարար կլինի արդեն խորհրդարանականների պարզ մեծամասնության աջակցությունը: Սպասվում է, որ մարտի 23-ին Իսպանիայի Գերագույն դատարանը մեղադրական եզրակացություններ կհրապարակի «անջատողական գործընթացի» գործով անցնող քաղաքական գործիչների վերաբերյալ: Տուրուլը նույնպես նրանց թվում է, ում երկրի դատախազությունը մեղադրում է խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ:

Գերագույն դատարանը նաեւ պետք է խափանման միջոց ընտրի կասկածյալների համար: Եթե դատարանը որոշի հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել պատգամավորին, ապա պարզ չէ՝ նա կկարողանա արդյոք ներկայանալ խորհրդարան՝ մասնակցելու իր թեկնածության շուրջ կրկնական քննարկումներին: Սկզբնապես տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջարկվել էր Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնի թեկնածությունը: Իսպանիայի տարածքում այդ քաղաքական գործչի ձերբակալման օրդեր է գործում, որին դատախազությունը խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ է մեղադրում Կատալոնիայի անկախության հասնելու փորձերից հետո:

Այդ կապակցությամբ նա չէր բացառում այդ պաշտոնը դիստանցիոն զբաղեցնելու հնարավորությունը: Այդուամենայնիվ, Սահմանադրական դատարանը դեմ արտահայտվեց իրադարձությունների նման զարգացմանը: Այդժամ Պուչդեմոնն առաջարկեց, որ Կատալոնիայի առաջնորդի պաշտոնի համար առաջադրվի իր զինակից պատգամավոր Ժորդի Սանչեսի թեկնածությունը, որը խռովության հնարավոր հրահրման գործի ֆիգուրանտ է եւ անցյալ տարվա հոկտեմբերի կեսին կալանքի տակ է վերցվել մինչեւ հետաքննության ավարտը: Այդուհանդերձ, մարտի 21-ին Սանչեսը հրաժարվեց այդ պաշտոնին հավակնելու հնարավորությունից, ինչից հետո առաջադրվեց Տուրուլի թեկնածությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս