
«Ես ձեզ կխնդրեի օրական գոնե մեկ անգամ բարյացակամություն դրսևորել այլ մարդկանց նկատմամբ». Թիլերսոն

Ռեքս Թիլերսոնը, որը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, մարտի 22-ին Վաշինգտոնում Պետդեպարտամետի աշխատակիցների հետ կայացած հրաժեշտի հանդիպմանը իր նախկին գործընկերներին խնդրել է ջանադրաբար կատարել իրենց պարտականությունները եւ հայտնել է, որ իրեն փոխարինողի համար զեկույցներ է պատրաստել՝ արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ հանձնարարականներով:
Նրա ելույթը հեռարձակվել է Պետդեպի կայքում։ «Ես ձեզ կխնդրեի օրական գոնե մեկ անգամ բարյացակամություն դրսեւորել այլ մարդկանց նկատմամբ,- ասել է նա իր ելույթի ավարտին:- Այս քաղաքը կարող է շատ չար լինել»: «Մեր երկիրը բախվում է մի ամբողջ շարք մարտահրավերների ու ազգային անվտանգության սպառնալիքների: Այդ պայմաններում, ինչպես երբեք կարեւոր են ձեր ջանադրությունը եւ Պետդեպարտամենտում ձեր պարտականությունները կատարելու հանձնառությունը»,- հավելել է Թիլերսոնը: