«Գիտխորհրդի նիստին ներկա են լինելու մեծ թվով բողոքող ուսանողներ». ՇՊՀ ուսխորհրդի նախագահ
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտոր Սահակ Մինասյանը ստորագրահավաք է սկսել Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի դեմ:
Այս կապակցությամբ ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյան՝ 168.am-ի հետ զրույցում նշեց.
«Այսօր լուրեր էին տարածվել, որ ամբիոնների վարիչներին, դասախոսներին հրահանգ է իջեցվել, որ ստորագրություններ հավաքվի՝ ընդդեմ Հ. Խորիկյանի և Գ.Համբարյանի, սակայն այժմ էլ տեղեկություններ են ստացվում, որ այդ գործընթացը դադարեցվել է»:
Ա. Մելքոնյանի խոսքով, նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելու դեմ ուղղված ստորագրահավաքն օնլայն դաշտում հատել է 400-ի սահմանը: Ի դեպ, ստորագրահավաք իրականացվում է նաև թղթային տարբերակով:
ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահը նշեց, որ պայքարելու են մինչև վերջ, հաղթանակի վերջնական ամրապնդման համար:
«Ուսանողների վրա ներազդելու ուղղակի միջոցներ են ձեռնարկվում, տագնապային, հուսալքության միտումներ եմ նկատում: Գիտխորհրդի նիստի ժամանակ ներկա են լինելու մեծ թվով բողոքող ուսանողներ: Կպահանջենք, որ նիստին ներկա լինի ուսանողների պատվիրակություն, այն լուսաբանվի լրագրողների կողմից և ես՝ որպես գիտխորհրդի ներկայացուցիչ-անդամ և ուսանողական խորհրդի նախագահ, պահանջելու եմ վերջ տալ բուհում անարդարությանը»,- նշեց Ա. Մելքոնյանը:
Ավելի վաղ ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Ռեկտորի հրամանով իրականացվում են հակաիրավական գործողություններ: Ուսանողական խորհրդի ներկա փոխնախագահ և ռեկտորի կողմից առաջատար մասնագետ դարձած Արթուր Չարչօղլյանը որոշ մարդկանց հետ կազմակերպում է ստորագրահավաք` փորձելով հաշվեհարդար տեսնել ինձ հետ:
Իմ փոխարեն ռեկտորը մտադիր է ուսանողական խորհրդի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն Արթուր Չարչօղլյանին կամ էլ հնազանդ մեկ ուրիշին: Բոլոր խնդիրները, ռեկտորի կամայականությունների փաստերով համեմված նկարագրությունը, որոնք իմ կողմից պետք է բարձրաձայնվեն մարտի 24-ի ընդլայնված նիստում, ըստ ռեկտորի երևակայած ծրագրի, տեղի չեն ունենա:
Նորից հիասթափեցնեմ պարոն Մինասյանին: Շարժումը պայքարում է Ձեր հակակրթական և հակամարդկային գործողությունների դեմ: Ոչ մի իրավական հիմք չկա ինձ հեռացնելու ընտրովի պատասխանատու պաշտոնից: Ձեր կողմից կիրառվում է իրեն չարդարացնող և երկու դասախոսների նկատմամբ անհաջող կերպով իրականացվող մի անիմաստ քայլ:
Նախ նշեմ, որ երկու ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահները և մեծ թվով ուսանողներ բացահայտ դեմ են իրեն հեղինակազրկած մարդուն ճանաչել ՈւԽ նախագահ: Ինձ հեռացնելու համար անհրաժեշտ է ուսանողական խորհրդի նախագահության նիստում ձայների մեծամասնությունը ստանալ: Ընդ որում, թե´ նախկին, թե´ ներկա ՈւԽ կանոնադրությունը ինձ իրավունք է տալիս բողոքարկել և պահանջել, որ իմ, այսպես կոչված, «հարցը» քննի բուհի ուսանողական համագումարը: Իմ հեռացման հիմնավորումը կեղծ է:
Ես դեմ եմ գնացել ռեկտորի կամայականություններին, դրա համար եմ հեռացվում: Սա է միակ ճշմարիտ տարբերակը կազմակերպված ամբողջ թատերական ներկայացման մեջ: Այսինքն` իմ այն համոզմունքները, որ բուհում այլակարծություն, ազատ խոսք, սեփական մտածելակերպ, ինքնուրույնություն չի հանդուրժվում, մեզ համոզիչ կերպով ապացուցում են պարոն Մինասյանի կատարած քայլերը: Վստահ եմ և տեղեկություններ ունեմ, որ ռեկտորը նույն վերաբերմունքն ունի բուհի բոլոր դասախոսների և ուսանողների նկատմամբ»:
Անահիտ Սիմոնյան