
Բրիտանական խորհուրդը հայտարարեց Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին

Բրիտանական խորհուրդը հայտնել է պլանավորված բոլոր միջոցառումները չեղարկելու եւ իր գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու մասին: Այդ մասին մարտի 22-ին հաղորդվում է խորհրդի կայքում:
«Բրիտանական խորհրդին կարգադրված է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությանը համապատասխան: Ուստի մենք չեղարկել ենք պլանավորված բոլոր միջոցառումներն ու ծրագրերը: Մենք խորապես ափսոսում ենք դրա համար եւ շնորհակալություն ենք հայտնում ձեր ըմբռնման համար»,-ասված է խորհրդի հայտարարության մեջ:
Մարտի 17-ին, ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից հայտարարված միջոցների, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել եւ մեկ շաբաթվա ժամկետում արտաքսում է 23 բրիտանիացի դիվանագետների, փակում է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցնում է Բրիտանական խորհրդի գործունեությունը ՌԴ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: