Լեհաստանի քաղաքացիների գրեթե երրորդ մասը ցանկանում է, որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից
Լեհաստանի քաղաքացիների գրեթե երրորդ մասը ցանկանում է, որ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից: Այդ մասին վկայում են Կազիմիր Պուլավսկու հիմնադրամի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հարցման տվյալների համաձայն, Եվրամիության կազմից երկրի դուրս գալու օգտին հանդես է գալիս լեհերի 29,81 տոկոսը:
Հակառակ կարծիքն է պաշտպանում հարցման մասնակիցների 47,37 տոկոսը, եւս 22,82 տոկոսը հայտարարել է, որ կարծիք չունի այդ թեմայի վերաբերյալ: Ուսումնասիրությունն անցկացվել է երկու անգամ՝ հունվարին եւ մարտին, դրան մասնակցել է 50 հազար մարդ:
Ընդ որում՝ Եվրամիության կողմից Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում Polexit-ի կողմնակիցների տոկոսն աճում է մինչեւ 32,05, նշվում է հետազոտության մեջ: Նման իրավիճակում հարցվածների 28,55 տոկոսը կնախընտրեր, որ Վարշավան փոխեր քաղաքականությունը՝ այն հարմարեցնելով Եվրահանձնաժողովի պահանջներին:
Մասնակիցների եւս 13,15 տոկոսն այն համոզմունքն է հայտնել, որ նման իրավիճակում ոչ մի գործողություն չպետք Է ձեռնարկել: Այս հարցի վերաբերյալ իր կարծիքը դժվարացել է հայտնել հարցվածների 26,25 տոկոսը: 2017 թվականի ապրիլին Rzeczpospolita հրատարակության համար անցկացված հարցման ընթացքում Եվրամիությունից Լեհաստանի դուրս գալու օգտին արտահայտվել էր դրա մասնակիցների 12,5 տոկոսը, դեմ՝ 76 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: