Կրակահերթով կրակոցներ Երևանյան խճուղում․ մեղադրանք է առաջադրվել 1997թ. տեղի ունեցած սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 21 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար:
1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում արձակված կրակոցների հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է նույն քաղաքի բնակիչ Վ.Զուլալյանը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ., նախկինում աշխատել է N զորամասում, կոչումով՝ լեյտենանտ։
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ լեյտենանտը լարված, վատ հարաբերություններ է ունեցել համաքաղաքացի Վ.Զուլալյանի հետ՝ իրեն ու ընտանիքի անդամներին անհանգստացնելու կապակցությամբ: Պարզվել է, որ դեպքի օրը՝ 1997թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ծառայությունը շարունակելու համար զորամաս վերադառնալու ճանապարհին 1971թ. ծնված տղամարդը պատահաբար հանդիպել է Վ.Զուլալյանին և վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ իր կողմից շահագործվող «ՎԱԶ» 2121 մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ինքնաձիգը և կրակահերթով կրակոցներ արձակել Վ.Զուլալյանի ուղղությամբ, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Սպանության մեղադրանքով վերջինիս նկատմամբ 1997թ. հայտարարվել էր հետախուզում։
Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ հետախուզվողը, ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրային տվյալներն օգտագործելով, ստացել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու անձնագիր և 2014թ. հունիսի 19-ին եկել է Հայաստան, ապա՝ կրկին դուրս եկել ՀՀ-ից:
Հետախուզվողը հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլին՝ Բագրատաշենի սահմանային անցակետում։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: