«Շատ հնարավոր է, որ Սեյրան Օհանյանն ինչ-որ պահի միանա ճակատին». «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ
«Այս վճռով արդարադատությունն իսպառ վերացվեց Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների դատավարությունների և վճիռների մասին:
Պ. Մակեյանի խոսքով՝ եթե ինքն իրենց առաջին հանրահավաքից հետո մտածում էր, որ իշխանությունները մտահոգված են, ապա հիմա տեսնում է, որ իշխանություններն անհանգստացած են. «Ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում այդ վակուումը, որ ձևավորվում է, անհանգստությունը լուրջ է: Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ և Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռն արագացնելով, մեղմ ասած, սադրում է ակտիվ հասարակությանը, որ ավելի շուտ սկսեն պրոցեսը, որ այդ ակտիվ մասին կոտորի ու ջարդի, և ինքը հանգիստ 9-17-ը գնա իր ծրագրով: Մենք այս փուլում պետք է այդ հանգամանքը հաշվի առնենք: Առաջին քայլը քաղաքական և քաղաքացիական ոլորտի համախմբումն է: Այսօր մենք հավաքվելու ենք, տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք: Երկրորդը՝ այդ հավաքից պետք է ազդակ ստանա հանրությունը և գա հրապարակ: Թե 9-17-ն ի՞նչ ժողովուրդ կգա, դրանից է կախված մեր հաջողությունը»:
Նա հայտնեց, որ «Ելքի» հետ իրենց բանակցությունները շարունակվում են, բայց դեռևս քննարկումներն իրենց ավարտին չեն հասել: Խոսելով ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի այն հայտարարության մասին, թե ոչ մի բան չի տա այդ պայքարը, Պ. Մակեյանն ասաց. «Կա՛մ ազնիվ չեն, կա՛մ չեն ընկալում: Խնդիրը հետևյալն է. Սերժ Սարգսյանի ժամկետն ապրիլի 9-ին ավարտվում է մինչև 17-ը: Այդ վակուումը պետք է օգտագործվի: Որևէ քաղաքական ուժ դա չի կարող օգտագործել, եթե հանրությունը հրապարակ չգա: Լևոն Զուրաբյանը մասամբ ճիշտ է ասում, բայց նույն ձևով կարող ենք ասել ժամանակին արած իր հայտարարության մասին, երբ «4+4+4»-ի վերաբերյալ ասաց, որ դա ժողովրդավարության պատմական հաղթանակն է: Ապրիլի 2-ին տեսանք, չէ՞, այդ հաղթանակն ինչ էր, կուլակների մրցույթ էր, 10 հազար դրամի բաժանման մրցույթ էր, իրենք չէի՞ն հասկանում, այն ժամանակ մենք ասում էինք՝ սա խայտառակ բան է: Հիմա մենք ասում ենք՝ այս 20 օրը մոռացեք ամեն մեկի արած կամ չարածը, 20 օր իրար կողքի կանգնենք»:
Նույն ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանն էլ ասաց, որ ինքը հույսը չի կտրում, որ հաջողության կհասնեն. «Իմ ընտանիքի անդամի օրինակը պետք է բերեմ՝ Եվրոպայի բժիշկները 2002 թվականին ասացին, որ իրեն 10 օր է մնացել, բայց ես փորձեցի, ու ինքն ապրում է մինչև հիմա: Մի քիչ կոռեկտ համեմատություն չէ, բայց ամեն պահի պետք է ամեն ինչ փորձել»:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը և Սեյրան Օհանյանը չեն միանում շարժմանը, Ս. Մուրադյանը պատասխանեց, որ Ր. Հովհաննիսյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում Եվրոպայում շատ կարևոր պաշտոնյաների հետ. «Վերջերս ինքը Ստրասբուրգում էր: Մեր վերջին վարչության նիստին ինքը մասնակցում էր, որից հետո գնաց Ստրասբուրգ: Ինչ վերաբերում է պարոն Օհանյանի մասնակցել-չմասնակցելուն, բանակցողն Արմեն Մարտիրոսյանն է, և դեռևս բանակցություններն ընթանում են, և շատ հնարավոր է, որ ինքն ինչ-որ պահի միանա ճակատին»:
Նշենք, որ ճակատը վաղն Ազատության հրապարակում հանրահավաք է անելու: