«Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը». Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը:
«Մենք ընկերական խաղերից ակնկալիքներ չունենք: Ակնկալիքն այն էր, որ հրավիրում ենք նոր ֆուտբոլիստների և փորձարկումներ ենք անում: Առավել ևս, որ մարզիչն ընտրել է այնպիսի մրցակիցներ, որոնք նման են մոտ ապագայի մեր մրցակիցներին: Միշտ էլ հաղթանակը հաճելի է, մեր հավաքականը միշտ էլ մարզադաշտ պիտի մտնի հաղթելու համար: Բայց պետք չէ կենտրոնանալ, որ սա հաղթելու խաղ է: Այս կերպ մարզիչը պատրաստում է մեր հավաքականին պաշտոնական խաղերին: Ընկերական խաղերով պատրաստում ենք հավաքական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:
Վերջինս խոսեց նաև հավաքական հրավիրված ֆուտբոլիստների և դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասին՝ շեշտելով, որ ինքն անձամբ շատ է ուզում թիմի դարպասում տեսնել Յուրչենկոյին:
«Ես ամեն ինչ անելու եմ, որ նա գա Հայաստանի հավաքական: Մնացածը կախված է նրանից: Իսկ ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին և Ժոաո Ժորդի Մոնրո Արարատին, ապա նրանց «կես բերան» ասել ենք, և նրանք ոգևորված միացել են ազգային թիմին: Նորբերտոն լավ տպավորություն է թողնում և մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստ է: Նա կուժեղացնի հարձակման գիծը: Իսկ Ժոաո Արարատը թիմին կմիանա մայիսին կայանալիք խաղերի ընթացքում»,-նշեց Հայրապետյանը:
«Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը: Այս ընկերական խաղերով նախապատրաստվում ենք Ազգերի լիգային: Փորձում ենք խաղալ այնպիսի մրցակիցների հետ, ովքեր նման են մեր հակառակորդ թիմերին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու Ազգերի լիգային»,-ընդգծեց Ֆեդերացիայի նախագահը:
Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D դիվիզիոնի 4-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները: