Բաժիններ՝

Ռուսթավելի փողոցում վերացվելու են թերությունները, Շիրազի փողոցում թարմացվում է կոմունիկացիոն համակարգը

168.am-ը վերջերս Գյումրու Ռուսթավելի փողոցում արձանագրել էր մի շարք թերություններ՝ կապված բետոնի որակի և ջարդված ու ճաքած սալիկների հետ:

Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ռուսթավելի փողոցի մասով համապատասխան հանձնաժողովը ուսումնասիրել և արձանագրել է ի հայտ եկած թերթությունները:

Ըստ պայմանագրի, կա երաշխիքային ժամկետ, որի շրջանակներում շինարարը պարտավոր է վերացնել առաջ եկած թերությունները:

Ինչ վերաբերում է Շիրազի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներին, որը վարչապետի ծրագրով է վերանորոգվելու, Ս.Առաքելյանը նշեց. «Շիրազի փողոցում այս պահին կոմունիկացիոն համակարգի թարմացման աշխատանքներ են իրականացվում: Խոսքը հողային աշխատանքների մասին է: Կապն իր հերթին, գազ, էլցանց, բոլորն աշխատում են: Գումարների մասով անհրաժեշտ է համապատասխան ֆոնդերին զանգահարել»,- ասաց Սոնա Առաքելյանը:

Նշենք, որ վերջերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության, կապի և հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, խորհրդակցություն անցկացրեց, որի առանցքում Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հ.Շիրազի և դրան հարող փողոցների վերակառուցման աշխատանքներն էին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հաղորդալարերի անցկացման, աշխատանքների մեկնարկի և առաջիկա անելիքների մասին մի շարք հարցեր:

Ի տարբերություն Ռուսթավելի փողոցի, Շիրազի փողոցը կարմիր ասֆալտ է ունենալու և չի սալիկապատվելու:

Գյումրու 5 հին փողոցներից Հակոբյանը քաղաքապետարանի ուժերով է վերանորոգվելու, պահպանելու է նույն ճարտարապետական ոճը, իսկ Ջիվանու, Ղորղանյան և Վարպետաց փողոցները «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» տրամադրած վարկի միջոցով են վերանորոգվելու։ Խոսքը բազմիցս արծարծված 23 միլիոն եվրոյի մասին է։

168.am-ը Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց նաև Գյումրու առաջին պոլիկլինիկայի շենքի ճակատագրով:

«Ինչ-որ փաստաթուղթ եղավ, ձեզ տեղյակ կպահեմ, բայց դա վարձակալությամբ տրված շենք է, քաղաքապետարանն այն պոլիկլինիկային վարձակալությամբ է տրամադրում»,- ասաց Սոնա Առաքելյանը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս