«Սերժ Սարգսյանը ստիպված եղավ՝ ծամի ու դնի որոշ թամբալ, ինչ-որ տեղ՝ բթամիտ, փոքր, միջին, մեծ հրամանատարների բերանը…». Վովա Վարդանով

«Մեզ թվում է, թե թուրքը մեզ պես է մտածում, մեզ թվում է՝ սաղ աշխարհը մեր շուրջ է պտտվում, բայց դա այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ապրիլին Հայաստանում սպասվող վարչապետի ընտրության մասին:

Նրա խոսքով՝ թուրքն ունի իր մտածելակերպը. «Ինքը թքած ունի՝ մեզ մոտ ով է ղեկավարում: Իր համար շատ ավելի կարևոր է, որ թիֆլիսաբնակ, վրացական ազգանունով 6 տարեկան երեխան հոր հայ լինելու պարագայում Ադրբեջանի տարածք չմտնի, իր համար ավելի կարևոր է՝ ցանկացած հայի հետ առնչվող, հայերին բարի աչքով նայող մարդկանց ձերբակալեն և արտաքսեն, և այլն: Մենք այնքան ենք ապրում մեր խնդիրներով՝ հորինովի կամ իրական, որ մեզ թվում է՝ սաղ աշխարհը դրանով է մտածում»:

Դիտարկմանը, թե վերջին օրերին Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե Հայաստանի տարածքի 80 տոկոսն ադրբեջանական է, Վ. Վարդանովն այսպես պատասխանեց. «Ես մի քանի անգամ շեշտել եմ, որ դիվանագիտության մեջ մեր երկրի նախագահը, հայտարարելով, որ գնդակը հակառակորդի դաշտում է, սխալ բան է արել, որ չի մեկնաբանել մեր փոքր և մեծ ռազմական, դիվանագիտական չինովնիկների համար, որ դա ընդամենն իր հայտարարությունն է, իսկ իրականությունն այն է, որ որտեղ կարողանում եք, գնդակը խլեք հակառակորդից, դուք խաղացեք, ֆուտբոլի կանոններն այդպիսին են: Հիմա Ալիևը դա է անում:

Սերժ Սարգսյանն էլ մի երկու օր առաջ հայտարարություն արեց, ստիպված եղավ՝ ծամի ու դնի որոշ թամբալ, ինչ-որ տեղ՝ բթամիտ, փոքր, միջին, մեծ հրամանատարների բերանը, որ, եթե պաշտպանություն ենք ասում, դա չի նշանակում՝ միայն պաշտպանություն, դա նաև նշանակում է՝ նախահարձակ լինել, կուտակված ուժերին հարվածել: Դա վաղուց պետք է արվեր: Ալիևը երբ նման հայտարարություն է անում, նա ծրագրավորում է իր անձնակազմը»:

Վ. Վարդանովն ասաց, որ ինքը հիմա փորձում է վերաբնակվել Արցախում՝ Քարվաճառում. «Ես փորձում եմ այնտեղ որպես բնակիչ գրանցվել, էն ամենավտանգավոր հատվածում, որը Քարվաճառի՝ հարվածի տակ ընկելու դեպքում, թուրքը ուշադրություն կդարձնի: Ես Լաչինի ճանապարհի վրա փորձում եմ բնակիչ դառնալ»:

Տեսանյութեր

Լրահոս