Սարկոզին նախընտրական մեքենայություններին վերաբերող մեղադրանքներն անապացույց է որակել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մարտի 22-ին հայտարարել է, որ դատական իշխանություններն իրեն մեղադրանքներ են առաջադրել իր նախընտրական արշավը ֆինանսավորելիս թույլ տրված խախտումների կապակցությամբ, սակայն ըստ որում ոչ մի կարգի իրեղեն ապացույցներ չեն ներկայացրել։
«Ես մեղադրված եմ առանց որեւէ նույթական ապացույցի, այլ սոսկ (Լիբիայի հանգուցյալ առաջնորդ) Քադաֆիի, նրա որդու, նրա զարմիկի, նրա մամուլի քարտուղարի, նրա նախկին վարչապետի հայտարարություններով եւ Զիյադ Թաքիեդդինի (լիբիական ծագմամբ ֆրանսիացի ձեռնարկիչ) հայտարարություններով»,- մեջբերում է «Ֆիգարո» թերթը պետության նախկին ղեկավարի խոսքը:
Սարկոզին Լիբիայի տապալված եւ սպանված նախկին առաջնորդ Քադաֆիին եւ նրա ընտանիքին մեղադրել է «զրպարտության» մեջ: Նա նաեւ անհիմն է որակել Թաքիեդդինի պնդումը, որը 2016 թվականին հայտարարել է, թե միջնորդ է եղել Սարկոզիի ընտրարշավի համար լիբիական կողմից փողի հանձնման ժամանակ:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել Լիբիայի կողմից 2007 թվականի նրա նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով: Պետության նախկին ղեկավարը կգտնվի դատական վերահսկողության ներքո: Մեղադրանքներն առաջադրվել են «Պասիվ կոռուպցիա (կաշառքների ստացում), «Նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորում», Լիբիայի «Պետական միջոցների անօրինական ստացում եւ տնօրինում» հոդվածներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: