
ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով համազեկուցողները նույնպես դիտորդական առաքելություն կիրականացնեն Ադրբեջանի նախագահական ընտրություններում

Ադրբեջանի ընտրական գործընթացներին համաձայնել է մասնակցել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և հայտարարել է, որ դիտորդներ կուղարկի Բաքու:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ցեզար Ֆլորին Պրեդան և Ստեֆան Շեննակը:
ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջան կժամանեն այն դիտորդական առաքելության կազմում, որին միացել է նաև Վենետիկի հանձնաժողովի անդամ Էրիկ Հոլմոյվիկը:
Ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և դիտորդություն իրականացնելու նպատակով Բաքու է ուղարկելու 310 մարդու, որոնցից 280-ը անմիջականորեն հետևելու են ընտրական գործընթացին, 30-ը հանդես են գալու որպես երկարաժամկետ դիտորդներ:
Ի տարբերություն ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի՝ Եվրախորհրդարանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների մոնիտորինգին: Ժողովրդավարության և ընտրությունների համակարգման աջակցության պատգամավորական խմբի համանախագահներ Դեյվիդ Մաքեյսերն ու Լինդա Քեյնենը հայտարարել են, որ Եվրախորհրդարանը ընտրությունների հետ կապված գնահատական չի տալու և դիրքորոշումը ամառային արձակուրդներից առաջ հայտնելու է ԵՄ-Բաքու հարաբերությունների վերաբերյալ զեկույցում: