Տոկիոյում բացվեց Գոձիլայի հուշարձանը
Տոկիոյի կենտրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու, մարտի 22-ին հանդիսավորապես բացվել է Գոձիլայի՝ կինոֆիլմերի հրեշի երեքմետրանոց հուշարձանը: Բուն պատկերաքանդակի բարձրությունը 2,5 մետր է: Հուշարձանի պատվանդանը զարդարում է «Մարդկությունն այժմ ստիպված կլինի գոյակցել Գոձիլայի հետ» փորագրությունը։
Այդ արտահայտությունն, ինչպես հիշեցնում է Kyodo լրատվական գործակալությունը, վերցված է վիթխարի հրեշի մասին սերիայի վերջին ֆիլմից, որն էկրան է բարձրացել 2016 թվականին: «Գոձիլա. վերածնունդ» կոչվող կինոժապավենը ճանաչվել է տարվա ֆիլմ եւ ստացել մի քանի ազգային պարգեւներ: Հուշարձանն իրենից ներկայացնում է Գոձիլան հենց այդ կինոժապավենից: 2016 թվականի ֆիլմն արդեն 29-րդն է դարձել մողեսանման հրեշի մասին: Գոձիլայի վերաբերյալ առաջին ժապավենը Ճապոնիայում նկարահանվել է 1954 թվականին Խաղաղ օվկիանոսի Բիկինի օղակղզում ամերիկյան ջրածնային ռւմբի փորձարկումից հետո:
Ըստ սցենարի՝ այդ պայթյունը խաղաղասեր ստորջրյա մողեսին վերածում է կատաղի հրեշի, որը բարձրանում է խորքերից եւ սկսում ամեն ինչ ավերել իր ճանապարհին: Բացի Ճապոնիայից, Գոձիլայի մասին ֆիլմեր են նկարահանել նաեւ Հոլիվուդում: Ճապոնիայում այդ ֆիլմերը դարձել են ազգային մշակույթի կարեւոր մասը, 1954 թվականից դրանք դիտել է ընդհանուր առմամբ ավելի քան 100 միլիոն հանդիսական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: