
«Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին». Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով, ազգային ընտրանին չի զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի հավաքականներին:
«Արդեն ուսումնասիրել ենք մրցակցին` Էստոնիայի հավաքականին, լավ թիմ է: Բարձրահասակ, ատլետիկ տղաներ են: Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին: Պետք է պայքարենք, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը հաղթենք ընկերական բոլոր 4 ընկերական խաղերում: Հիմա լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ խաղերին»- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը:
Վերջինս նա խոսեց նաև տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկվելու մասին. «Շատ հաճելի է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում հայտնվելը: Թեկուզ երրորդն եմ, բայց ուրախ եմ: Պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ մարզվել և պայքարել բարձր տեղերի համար»,-շեշտեց ֆուտբոլիստը:
Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում 25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ: