Ավարտվել է ոստիկանության պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը, ձերբակալված անձի մոտ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս պահելն արգելելու փոխարեն ինքն է ձերբակալվածին փոխանցել հեռախոսը, որի արդյունքում վերջինս զանգահարել և իր վերաբերյալ քրեական գործով տուժողին հարկադրել է իր օգտին սուտ ցուցմունքներ տալ:
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում` բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված Ք. Կ.-ն կարճաժամկետ արգելանքի տակ պահվելու համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր /ՁՊՎ/։ Այնտեղ նույն բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը, ձերբակալվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսն ու մյուս իրերը վերցնելով իր մոտ, 16.10.2017թ.-ին վերջինիս ընդունել է ՁՊՎ։
Այնուհետև նույն օրը, ձերբակալված Ք. Կ.-ին «լավություն» անելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, անտեսել է ձերբակալված անձանց մոտ բջջային հեռախոս պահելու` օրենսդրությամբ սահմանված արգելքը և հակառակ դրան` ինքն է ձերբակալվածին հանձնել բջջային հեռախոսն ու թույլատրել իր մոտ պահել այն: Վերջինս էլ, օգտնվելով Արա Ջավադյանի կողմից իր համար ստեղծված արտոնյալ պայմաններից, զանգահարել է քրեական գործով տուժողին և շանտաժի սպառնալիքով վերջինիս հարկադրել հրաժարվել իր վերաբերյալ նախկինում տված հաղորդումից ու ցուցմունքներից և սուտ ցուցմունքներ տալ հիշյալ քրեական գործով:
Ավելին, Ք. Կ.-ի կողմից բջջային հեռախոսից անարգել օգտվելն ապահովելու համար Ա. Ջավադյանը նույն բաժնի ոստիկան Տ. Դ.-ին արգելել է կատարել իր ծառայողական պարտականությունը` ձերբակալվածի խուզարկության ժամանակ առգրավման ենթակա առարկաներ հայտնաբերելու վերաբերյալ արձանագրություն կազմել, իսկ հերթափոխն ընդունած մյուս ոստիկանին էլ արգելել է ինչպես ձերբակալվածի, այնպես էլ խցի խուզարկություն կատարել:
Արա Ջավադյանի վերը նկարագրված արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվող Ք. Կ.-ն առանց օրինական հիմքերի կատարել և ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, շանտաժի սպառնալիքով տուժողին հարկադրել է սուտ ցուցմունքներ տալ իր օգտին, որի հետևանքով խոչընդոտներ են ստեղծվել ՀՀ ՔԿ-ում հարուցված քրեական գործով օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու օրենսդրական պահանջն ապահովելու համար: Բացի այդ, խախտվել է ձերբակալված անձանց պահպանության կարգը, հեղինակազրկվել պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքի կատարման` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Արա Ջավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճոով: