
ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերն ու Brexit-ը, ինչպես նաև Սոլսբերիի միջադեպը

Եվրամիության՝ մարտի 22-23-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան մետաղների առեւտրական մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանների քննարկումը, ԵՄ-ի հնարավոր պատասխան քայլերը, ինչպես նաեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ռազմավարության ընդունումը:
Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գագաթնաժողովի կապակցությամբ գրել է Եվրամիության 28 երկրների ղեկավարներին հղած հրավեր-նամակում։
Պետությունների ղեկավարները մարտի 22-ին աշխատանքային ընթրիքի ընթացքում կարծարծեն նաեւ Սոլսբերիի միջադեպը: Նախատեսվում է, որ այդ հարցի առնչությամբ հայտարարություն կընդունվի Լոնդոնի հետ համերաշխության մասին:
«Աշխատանքային ընթրիքի ավարտին մենք կհաստատենք հայտարարությունը Սոլսբերիում կատարված հարձակման վերաբերյալ»,- ասել է Տուսկը: