Հարավկորեական փոփ-խմբերը երկու համերգ կտան Փհենյանի բնակիչների համար
Ժողովրդականություն վայելող հարավկորեական երաժշտական կոլեկտիվները, որոնք հանդես են գալիս K-Pop ոճում, մարտի վերջին-ապրիլի սկզբին երկու համերգ կտան Փհենյանի բնակիչների համար:
Ինչպես մարտի 20-ին հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 20-ին Փհանմունչժոմ սահմանային կետում Հարավի եւ Հյուսիսի ներկայացուցիչների միջեւ կայացած աշխատանքային հանդիպման արդյունքում։
«Մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ն ընկած ժամանակաշրջանում Փհենյան կայցելեն 160 արտիստներ: Խմբի կազմում է երգիչ Չո Յոն Փհիլը, աղջիկներից բաղկացած Red Velvet խումբը, «Սոնյո սիդե» խմբի նախկին մասնակից Սոհյոնը»,-նշում է գերատեսչությունը:
Համերգները կկայանան Արեւելափհենյանական Մեծ թատրոնում, որը նախատեսված է 1,5 հազար հանդիսականի համար, եւ Չհոն Չժու Յոնի անվան մարզապալատում, որը տեղավորում է 12 հազար հանդիսատեսների: Ավելի վաղ «Սամչժիյոն» երաժշտական համույթը, որը բաղկացած է 140 հոգուց, Հարավում ելույթ էր ունեցել Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: