Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավիաընկերությունները հազարավոր չվերթեր են չեղարկել սպասվող ձնամրրիկի պատճառով

Նյու Յորքում մարտի 21-ին գրեթե 40 սանտիմետր ձյուն է սպասվում. քաղաքում կմոլեգնի վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ փոթորիկն Ատլանտիկայից, եւ ավիաընկերությունները վաղօրոք ավելի քան 3 հազար չվերթեր են չեղարկել հյուսիսարեւելյան նահանգների օդանավակայաններում։

FlightAware-ի տվյալներով՝ Լա Գուարդիա եւ Նյուարք միջազգային օդանավակայաններում չեղարկվել է չվերթերի ավելի քան երկու երրորդը, Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում՝ մոտ կեսը: Նաեւ կտուժեն Ֆիլադելֆիան, Բոստոնը, Վաշինգտոնը եւ Կոլումբիայի օկրուգը:

Շատ ավիաընկերություններ, ներառյալ American-ը, Delta-ն, United-ը եւ JetBlue-ն, չեղարկված չվերթերի տոմսերի փոխանակում են թույլատրել՝ առանց տուգանքի՝ մինչեւ մարտի 25-ը թռիչքի օրվա հետաձգմամբ: Ջերմաստիճանը կարող է իջնել զրոյից ցած, սպասվում են քամու պոռթկումներ ժամում մինչեւ 40 – 45 մղոն (վայրկյանում 18 – 20 մետր), գրում է The New York Post -ը: Հնարավոր է առափնյա շրջանների հեղեղում:

Նյու Յորքում եւ նրա արվարձաններում մարտի 21-ին բոլոր դպրոցները փակ կլինեն: Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարված, մարտի 21-ին առեւտրային տրանսպորտի երթեւեկության արգելք է գործում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս