Բաժիններ՝

Աֆրինը թուրքական ներխուժումից հետո վերածվել է ուրվականների քաղաքի

Սիրիայի Աֆրին քաղաքը թուրքական զինված ուժերի կողմից գրավվելուց հետո վերածվել է ուրվականների քաղաքի: Քրդական Rudaw գործակալությունը հրապարակել է լուսանկարների շարք, որտեղ երևում է, թե այսօր ինչ վիճակում է ավերված քաղաքը:

Աֆրինի փողոցները լցված են հրետանակոծությունից ու ռմբակոծությունից հետո փլված շենքերի քարերով: Քարերի ու փոշու կույտերի վրա հնարավոր է տեսնել զոհված անձանց դիակներ, որոնք փակված են ծածկոցներով:

Թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները սկսել են թալանել Աֆրինում գտնվող խանութները, տարբեր կառույցները: Թուրք զինվորներն անգամ թալանել են քաղաքից հարկադրաբար փախուստի դիմած ընտանիքների իրերը:

Թուրքիան Աֆրինում «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողություն էր սկսել հունվարի 20-ին: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Թուրքիայի զինված ուժերն արդեն մարտի 19-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել սիրիական Աֆրին քաղաքի նկատմամբ: Թուրք զինվորները տապալել են քաղաքի կենտրոնում կանգնեցված և քրդերի համար կարևոր նշանակություն ունեցող Քավայի՝ հերոս-դարբնի արձանը: Բացի այդ, քաղաքային իշխանության շենքի վրա բարձրացվել է Թուրքիայի դրոշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս