«Էտելու անվան տակ՝ ծառերը կտրում են, դա ինչի՞ է նման»
Վերջին օրերին Գյումրիում մեկնարկել է ծառերի էտը: Ըստ բնապահպանների՝ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները ծառերի խորը էտ իրականացնելով՝ վնասում են շրջակա միջավայրը, քանի որ ծառերի ճյուղերը կտրելուց հետո տվյալ ծառից, կարելի է ասել, գրեթե բան չի մնում:
Աշխարհագրագետ Լևոն Մարտիրոսյանը ևս դեմ է ծառերի նման ծավալի էտին.
«Շատ դժգոհ եմ, որ ծառերի՝ նման ծավալի ետ է իրականացվում: Ըստ էության քաղաքում սաղարթախիտ ծառեր չեն մնացել, բոլորը կտրում-թափում են: Էտելու անվան տակ՝ ծառերը կտրում են, դա ինչի՞ է նման: Մինչդեռ դեմն ամառ է, փոշոտ օդ ու շոգ: Այս պահին քաղաքում օդի աղտոտվածության թույլատրելի սահմանային խտությունը երևի մի 10 անգամ գերազանցում է նորման: Մարզպետարանի մոտ, ամբողջ Գարեգին Նժդեհ փողոցում, Մաքսային ծառայության դիմացի ծառերը կտրած են: Էտելուց հետո ծառին գոնե 3-4 տարի է անհրաժեշտ, որպեսզի հին սաղարթի գոնե կեսը ձևավորվի: Մեզ էլ անհաժեշտ է, որպեսզի սաղարթը շատ լինի, փոշին պահի, չէ՞ որ տերևներն են փոշին պահողը: Սա ամենամեծ խնդիրն է քաղաքի: Բոշի սադի հսկայական ծառերը կտրեցին, թափեցին, սաղարթը տեղը եկե՞լ է, իհա՛րկե ոչ»,- ասում է աշխարհագրագետ Լևոն Մարտիրոսյանը:
Շրջակա միջավայրի պաշտպանները նշում են՝ օդի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող Գյումրիում, առանց այն էլ, ծառերի քանակը քիչ է: Բացի այդ, քաղաքային իշխանությունները ծառերի հանդեպ բավարար հոգատարություն չեն տածում:
Գյումրու Վարդանանց հրապարակի մեջ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմացի որոշ եղևնիներ անխնամ վիճակում են:
50-ամյա այս եղևնիների ճյուղերը մեծ ու փոքր են, համաչափ զարգացած չեն, դրանց շուրջ հողատարածքն էլ բավական փոքր է, որպեսզի եղևնիների արմատներին սնուցման համար բավարար չափով ջուր ապահովվի: Հողն էլ շատ դեպքերում չի փխրեցվում:
Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ Վարդանանց հրապարակում կան ծառեր, որոնք լավ վիճակում են, սակայն այն ծառերին, որոնց վիճակն այնքան էլ լավ չէ, անհրաժեշտ է պարարտանյութ տալ: Դրանից ավելի որևէ բան անել հնարավոր չէ, քանի որ եղևնիների տարիքն էլ է մեծ:
«Վարդանանց հրապարակի բանկի դիմացի եղևնիները, օրինակ, փարթամ տեսք ունեն, սակայն դրանք շենքին բավական մոտ են գտնվում, շենքն են փակում, սակայն դրանց ձեռք տալն ափսոս է: Այն ժամանակ որ տնկել են, իրենց թվացել է, թե խաղալիք են տնկում, մինչդեռ դրանք արդեն մեծացել են, հզոր ծառեր են»,- պարզաբանում է Լևոն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով, տարիներ առաջ Գյումրու Անկախության հրապարակում՝ «Պրոգրես» համալսարանի դիմաց գտնվող եղևնիները, որոնց մեջ նաև արծաթափայլ եղևնիներ կային, քաղաքապետարանի գործուն միջամտությամբ կտրվեցին: Նշվեց, որ դրանց տեղում պետք է գնդաձև ակացիաներ տնկվեն, սակայն որևէ բան չարվեց:
«Մինչդեռ այնտեղ կարելի էր գնդաձև ակացիաներ տնկել կամ Երևանի հրապարակի նման ծառեր: Սակայն, թե այդ ուղղությամբ քաղաքապետարանն ի՞նչ է մտածում, մեզ հայտնի չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լ.Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ փշատերևները բարձրացնում են օդի որակը, և դրանք շատ օգտակար են մարդկանց առողջության համար: Ըստ մեր զրուցակցի՝ Գյումրու Վարդանանց հրապարակի ծառերը կարելի է փոխել, սակայն խնդիրը նրանում է, որ Անկախության հրապարակի դեպքում ծառերը կտրելով՝ խոստացան այնտեղ նոր ծառեր տնկել, բայց ոչ մի բան չեղավ, մի բան էլ ավելի վատ միջավայր ստեղծվեց:
Մասնագետի խոսքով՝ Գյումրիում անհրաժեշտ է ինչպես՝ փշատերև, այնպես էլ՝ լայնատերև նոր ծառեր տնկել.
«Մի բարդին մի քանի տոննա փոշի է պահում: Տերևային մակերեսի վրա փոշին նստում է, հետո անձրևը գալիս, լվանում-տանում է: Սայաթ-Նովա փողոցում՝ Կալբասի այգում փոխանակ ծառեր տնկվեին, գեղեցիկ արահետները սարքվեին, ամբողջությամբ կարուսել ու բուդկա է դրված: Մինչդեռ նախկինում դա շատ խիտ, լավ այգի էր՝ ահագին մակերեսով: Մինչդեռ հիմա այնտեղ ժանգոտ կարուսելներն են տեղադրված, մարդիկ իրենց օգուտն են ստանում: Կամ Անտառավանի Բարեկամության զբոսայգին… Այստեղ բավական մեծ քանակությամբ ծառեր կան, ուղղակի խնամք է անհրաժեշտ: Շատ լավ կլինի, եթե այստեղ ընդհանուր ոռոգման համակարգ լինի»,- ասում է մեր զրուցակիցը:
Բացի այն, որ Գյումրիում ծառերի քանակն է քիչ, այլև կանաչ տարածքների խնամքն է շատ վատ իրականացվում:
Աղբով հագեցած Չերքեզի ձորում, օրինակ, կարելի էր ոչ միայն վերականգնել երբեմնի կուսական բնությունը, և ազատել ձորն աղբից, այլև Հայաստանում սիրտ-անոթային, շաքարային դիաբետով, արյան բարձր ճնշում ունեցող, թոքերի, երիկամային անբավարարությամբ և այլ հիվանդություններով տառապող անձանց թվաքանակի աճն ի նկատի ունենալով՝ մեր ազգաբնակչության առողջության պահպանման նպատակով այնտեղ բացօթյա առողջական կենտրոն կառուցել:
Սակայն Գյումրու քաղաքապետարանից պատճառաբանում են, թե նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար գումար չունեն:
Սակայն, մինչ նմանատիպ ծրագիր իրականացնելը, որպեսզի ձորում աղբ չթափվեր, կանխարգելիչ աշխատանքներ պետք է իրականացներ Գյումրու քաղաքապետարանը: Նմանատիպ գործողություններ չձեռնարկելու պատճառով այժմ Չերքեզի ձորն աղբից ազատելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Տեղի բնակիչներն ինչ ասես չեն թափում ձորի տարածքով անցնող գետակի մեջ՝ սկսած հին սառնարաններից՝ վերջացրած աղբի այլ տեսակներով:
Տեղաբնակները ոչ միայն անփույթ վերաբերմունք ունեն բնության նկատմամբ, այլև ամեն ինչ փորձում են իրենց շահերին ծառայեցնել. մեկը շարունակում է ավտոմեքենաների թափքեր կուտակել ձորի տարածքում և դժգոհել, երբ մամուլը լուսաբանում է այդ մասին, մեկ ուրիշն էլ փորձել էր անվճար էլեկտրաէներգիա ստանալու նպատակով ձորի գետակի վրա փոքր հէկ կառուցել, սակայն ինչ-ինչ պատճառներով դադարեցրել էին հէկ-ի կառուցման շինարարական աշխատանքները:
Անահիտ Սիմոնյան