«Հայաստանին ձեռնտու չի լինի, որ Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդի կազմից». Գևորգ Կոստանյան

Հասարակական գործիչ Իլգար Մամադովին ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Ադրբեջանի իշխանությունների կողմից չկատարելն անընդունելի է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

«Հասարակական գործիչ Իլգար Մամադովին ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չիրագործելու հետ կապված Հայաստանի պատվիրակությունը նախարարների կոմիտեում առաջարկել էր, որպեսզի քննարկման դրվի Եվրոպայի Խորհրդի կազմից Ադրբեջանը հանելու հարցը: Վճիռը չկատարելն անընդունելի է , որովհետև դա նշանակում է հարգանք չունենալ տվյալ անձի իրավունքների նկատմամբ, հարգանք չունենալ Եվրոպական արժեքների և ժողովրդավարության նկատմամբ»,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով` Հայաստանն Ադրբեջանին ԵԽ-ից հեռացնելու նպատակ չունի , այլ նման եղանակով ցանկություն ունի Ադրբեջանին մոտեցնել դեպի եվրոպական արժեքներին, որի կրողը նաև Հայաստան է:

«Հայաստանին ձեռնտու չի լինի, որ Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդի կազմից, որովհետև երբ այդ երկրիը դուրս եկավ ԵԽ-ից կնշանակի, որ Հայաստանը կունենա եվրոպական արժեքների հետ անհամատեղելի հարևան և հակառակորդ: Հետևաբար, մեր հիմնական նպատակն է ոչ թե Ադրբեջանին հանել Եվրոպայի խորհրդի կազմից, այլև այդ եղանակով ավելի մոտեցնել դեպի եվրոպական արժեքներին, որի կրողը նաև մենք ենք» ,- ասաց Կոստանյանը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իրավական գործընթաց էր սկսել Ադրբեջանի դեմ՝ հասարակական գործիչ Իլգար Մամադովին ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չիրագործելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014թ. որոշման համաձայն՝ Մամադովին ձերբակալելու կամ մինչև դատը նրան կալանքի տակ պահելու հիմքեր չեն եղել: Դատարանն արձանագրել է, որ այդ միջոցառումներն արվել են միայն նրա համար, որ Մամադովը քննադատել է երկրի իշխանություններին:

ՄԻԵԴ-ը 2014թ. մայիսի 24-ին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամադովին, սակայն այդ որոշումից երեք տարի անց էլ նա շարունակում է կալանավորված մնալ:

Տեսանյութեր

Լրահոս